Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/605

Այս էջը սրբագրված է

հոդվածները՝ հանուն ժողովուրդների ազատության, համերաշխության և եղբայրության՝ ընդդեմ ցարական ինքնակայության և նացիոնալիստական պարտիաների քաղաքականության։ Մեծ հետաքրքրությամբ են կարդացվում գրողի ազնիվ կրքով գրած հոդվածները, ուր նա չափազանց համոզիչ վեր է լուծում 1905 թ. ցարիզմի կողմից հրահրված ազդամիջյան ջարդերի բուն պատճառները, ուր նա պաշտպանում է ազատության համար պայքարի ելած գյուղացիությանը։

Եվ վերջապես, բազմաթիվ հոդվածների մեջ մի առանձին սրությամբ ընդգծվում է հայ ժողովրդի պատմական ճակատագրի հարցը և այդ իսկ տեսակետից՝ հայ դեմոկրատ մտավորականների հոգեկան ծանր ապրումներն ու գաղափարական հակասությունները։ Հայ ժողովրդի ողբերգությունը շատ ծանր ազդեցություն էր թողել գրողի վրա. առաջին համաշխարհային պատերազմը իր աղետներով, արևմտահայ ժողովրդի ջարդը, գաղթականների անվերջ շարքերը, սովահար ու կործանվող մանկությունը հուսահատություն էր ծնել մեր դեմոկրատ մտավորականության շրջանում։ Գրողներից շատերը հանրային վշտի մեջ՝ ժամանակ չունեին գրելու կամ ուղղակի ավելորդ էին համարում այդ օրերին զբաղվել բուն գեղարվեստով։ Շիրվանզադեն նույնպես շատ քիչ էր գրում, մամուլում գերազանցապես տպագրում էին նրա հրապարակախոսական հոդվածները, ուր դատապարտվում են հայ միլիոնատերերի ու հարուստների մորթապաշտությունը և եսամոլությունը, անտարբերությունը՝ կործանվող ժողովրդի նկատմամբ, բարձրացվում են մեր կյանքի մի շարք ցավոտ խնդիրներ։ Շիրվանզադեն բարձր է գնահատում բուն աշխատավոր ժողովրդին, որի մեջ պահպանվում են ազգության դարավոր հոգեկան գանձերը։

Գրողը լավ հասկանում էր ոչ միայն Թուրքիայի բարբարոս քաղաքականությունը, այլ նաև մյուս մեծ տերությունների դիվանագիտության բուն իմաստը և հենց դրա շնորհիվ էլ գրեց «Դադարենք աղերսել» նշանավոր հոդվածը՝ հանուն հայ ժողովրդի ազգային հպարտության, դարերից ժառանգած այդ էգոհարիա պահպանման։

Եվ հենց ազգային հարցի այս ըմբռնումն էլ Շիրվանզադեին բերեց Սովետական երկիր։ Այս հատորում զետեղված հոդվածները, որոնք դրվել են 20—30-ական թվականներին, շատ լավ են դրսևորում Շիրվանզադեի գաղափարական անցման պատճառները։ Գրողը ազգային հարցի լենինյան լուծման մեջ է տեսնում հայ ժողովրդի փրկությունը և, որպես մեկն այդ ժողովրդի առաջավոր մտածողներից, որդեգրվում է Սովետական Հայաստանին։ Ուշագրավ են նրա հոդվածները՝ համակված նոր կյանքի պաթոսով, երկրի շինարարության, տնտեսության և կուլտուրայի զարգացման խոր շահագրգռվածություններով։ Շիրվանզադեի այս հայացքները և առհասարակ սովետական շրջանում գրած երկերը չափազանց համոզիչ կերպով ցույց են տալիս հայ քննադատական ռեալիզմի՝ ժողովրդային մեծ գրականության, ներկայացուցիչների բնական անցումը դեպի սոցիալիստական հրականությունը։ Այս իսկ տեսակետից Շիրվանզադեի հրապարակախոսությունը, իր ողջ ընթացքի մեջ և անցումներով, կրկնակի արժեք ունի։