Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/64

Այս էջը սրբագրված է

այն, որ ներկա լուսավոր մարդու բերանում կոչվում է քաղաքակիրթ կյանք։

Կարո՞ղ ենք երկար մնալ այն ամայի վայրերում, ուր այդ ամենի համար չկա ասպարեզ, ուր բնության անհուն մեծության առջև մարդուն տիրում է միմիայն մի հուսահատիչ զգացմունք, թե նա ուրիշ ոչինչ է, եթե ոչ չնչին խաղալիք բնության համար։

Շատ սարսափելի բաներ էինք լսել Սանահնից դեպի Շուլավեր տանող դժվարին ճանապարհի մասին և անպատճառ կամենում էինք գնալիս այդ ճանապարհը ընտրել։ Բայց շուլավերցի ձիապանները, ավազակների երկյուղից ստիպված, մեզ խաբեցին և տարան Բորչալուի չոր ու ցամաք դաշտերով: Ավելի աներկյուղ դուրս եկան սանահնեցիները, նրանք, մեր ցանկությամբ, հանձն առան բերել մեզ մեր ցանկացած ճանապարհով։

Յուրաքանչյուր սարսափելի կոչված մի բան մագնիսի նման ձգող մի հատկություն ունի։ Ահա ձեր ոտների տակ մի մթին, ահռելի անդունդ, դուք վախենում եք, գիտեք, եթե մի ավելորդ քայլ առաջ դնեք, կարող եք կորչել հավիտյան: Բայց մի ինչ֊որ անբացատրելի ուժ ստիպում է ձեզ առաջ գնալ և նայել դեպի այդ անդունդը, հագեցնել ձեր անհասկանալի հոգեկան պահանջը։

Մադանի ձորը, Ուչ֊Քիլիսի և Խոժոռնիի մթին անտառները,— այս են այն վայրերը, ուր գլխավորապես բուն են դնում Բորչալուի թուրք և Գուգարքի հայ ավազակների խմբերը:

Մեր ճանապարհորդության ժամանակ ավազակների հանդգնությունն անսահման էր. ժամ չէր անցնում, որ չլսեինք, թե այսքան մարդ են կողոպտել, այսքանին սպանել, վիրավորել, մերկացրել և անտառները բաց թողել կամ ոտները ու ձեռները կապել ծառին։

Բայց այնքան երկյուղալի չեն ավազակները, որչափ ճանապարհը։

Անցնում էինք Մադանի ձորով, մի քարքարոտ օձապտույտ ուղիով, որ տարածված է բիրտ ժայռերի ստորոտում