հոսող առվակի եզերքով։ Աջ ու ձախ ուղին հովանավորում էին հոնի ծառերը և մորենիների խոտաբույս և բարձրաճյուղ թփերը։ Առավոտյան մոտ տասնումեկ ժամն էր, երկինքը պարզ էր, թեթև զեփյուռը հովացնում էր պայծառ արևի տաք ճառագայթները, որ, ծառերի ճյուղերի միջով թափանցելով կարկաչահոս վճիտ առվակի վրա, փայլեցնում էին նրա մակերևույթը։ Տերևների ստվերները ապառաժոտ ուղիի վրա ուրախ-ուրախ խաղալով, շփվում էին իրարու, միանում էին, բաժանվում և փոփոխակի ներկայացնում հազար տեսակ գեղեցիկ նկարներ լուսո շողքերի հետ։
Առվակը անհայտացավ մի բարձր ապառաժի հետևում, վերջին անգամ ցույց տալով իր հալած արծաթի նման փայլող մակերևույթը։ Մեր ուղին, ծռելով դեպի ձախ, ցույց տվեց մեզ այն երկարաձիգ փապարները, որ տանում են դեպի հունական Մադան գյուղը, դեպի Գուգարքի գանձերը, պղնձի հանքերը։ Արդեն բոլորովին հեռացել էինք Սանահնի այգիներից. բազմաթիվ ծառերի գագաթները խառնվել էին իրարու, և այգեստանը հեռվից նմանվում էր մի լայն և երկայն մուգ կանաչագույն թավշյա ժապավենի։ Օղի պարզությունը, արևի պայծառ ճառագայթները մի առանձին քնքուշություն էին տալիս նրան։ Աջ ու ձախ երկու շարք չոր ու ցամաք ժայռերը և բլուրները դրախտանման այգեստանի հակապատկերն էին։ Տարիների արհավիրքը և ժամանակը ծծել էին նրանց կյանքը, թողնելով ողորմելի կմախքը։
Մենք գնում էինք ձիով, ճանապարհը հետզհետե բարձրանում էր վեր ու վեր, մինչև որ նա դարձավ միանգամայն Ուղղահայաց։ Որպեսզի վայր չնկնեինք, ստիպված էինք բռնել ձիու բաշից։ Ձիապանները գաղտնի նայում էին միմյանց երեսին և գլուխները շարժում։ Պարզ է, որ նրանք խղճում էին իրենց կենդանիներին, բայց ամաչում էին մեզ հայտնել։ Շարունակեցինք գնալ ոտով։ Մոտ երկու ժամ տևեց մեր բարձրանալը։ Ահա, վերջապես, երևաց դեպի ձախ Լալվարը՝,
Լալվարը թուրքերեն բառ է՝ բաղկացած երկու բառից.— լալ-վար, այսինքն ակնեղեն կա։ Հավանական է, որ լեռն այս անունը ստացած լինի իր ստորոտում գտնվող հանքերից։