Մեր անցնելու միջոցին հանքերի դռները փակ էին, միայն մի ստորերկրյա անցքի միջից նեղ երկաթուղով բանվորները մետաղախառն հողը կրում էին դուրս՝ ձեռնաշարժ սայլակներով։ Գյուղի մեջ և շրջակայքում գոյացել էին ահագին բարձրությամբ կարմիր բլուրներ մետաղախառն հողից։ Այստեղ օդը տոգորված է մի տեսակ ծանր հոտով, որից մարդու գլուխն է պտտում։ Երկիրը մեր ոտների տակ, տների տափարակ կտուրները, բլուրները, ամեն ինչ այստեղ արևի ճառագայթներից պսպղում է միլիոնավոր կարմրագույն և սպիտակ մետաղյա թեփուկներով։
Հետաքրքրական էր մտնել անցքերից մինի մեջ, բայց մեզ ասացին, թե առանց թույլատվության և ամեն ժամանակ հարմար չէր տեսնել հանքերը։
Անցանք առաջ, թողինք ստորերկրյա հարստությունը և մտանք վերերկրյա հարստության մեջ։ Մի փոքրիկ բարձրավանդակ անցնելուց հետո, հեռվից երևացին ՈՒչ-Քիլիսի անտառապատ լեռները, ձորերը, խորշերն և խոխոմները։
ՈՒչ-Քիլիսա, այդ երեք փոքրիկ ավերված մատուռներն են միմյանցից մի քանի հարյուր քայլ հեռու, եռանկյունի տարածության վրա։ Այստեղից են սկսվում Լոռվա անտառները, որոնց մի մասը պատկանում էր հանգուցյալ Կոմս Լոռու-Մելիքյանին։ Մեր ձիապանները մի անգամ ևս զգուշացրին մեզ զգաստ լինել, միասին գնալ, չցրվել ետ ու առաջ, որովհետև հասել էինք ավազակների վայրերը։
Այս անտառների խորքում էր գտնվում 6 տնից բաղկացած Բրդաձոր փոքրիկ գյուղը, որի բնակիչները հռչակված են ամբողջ գավառում իրենց քաջությամբ։
Մոտ վաթսուն տարի առաջ սանահնեցի Գիժ-Վերանն իր ընտանիքով փախչում է Արղությանների խստությունից և բնակություն հաստատում Խոժոռնիի և Ուչ-Քիլիսի մեջտեղ գտնվող անտառապատ ձորերից մեկում։ Վերանը մի կատաղի մարդ է լինում. նրա ազատ հոգին չի կարողանում կրել ճորտության ամոթը, նա բարվոք է համարում ապրել վայրենի բնության ծոցում, քան մարդկային բռնակալության ներքո։ Հետզհետե Վերանի ընտանիքը աճում է. նա վեց որդի է ունենում