Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/69

Այս էջը սրբագրված է

բոլորին պսակում է իր ձեռքով և պսակում է Սանահնի ամենաընտիր գեղեցկուհիների վրա։ Ոչ ոք չի համարձակվում մերժել նրան իր աղջկա ձեռքը, քաջ գիտենալով, որ հակակռակ դեպքում Վերանի (որ ասել է վայրենի) որդին մի գիշեր զրահավորված կգա և կփախցնի իր սրտի ուզածին։

Հարյուր տասնևվեց տարի ապրում է Գիժ-Վերանը, մինչև մահ պահպանելով իր աշխուժությունը և հովանավորելով իր բազմաթիվ ընտանիքը։ Ծերունու մահից հետո որդիները բաժանվում են։

Ահա այս վեց հարազատ եղբայրների ընտանիքներից է բաղկացած Բրդաձոր գյուղը։ Չնայելով բաժան-բաժան լինելուն, նրանց մեջ տիրում է ամուր համերաշխություն և այդ, ընդամենը ութսուն հոգի, գյուղականները չգիտեն ոչ երկյուղ, ոչ նախանձ, ոչ ծուլություն, ոչ հարստություն և ոչ աննպատակ ատելություն։ Այնտեղ, ուր հիշվում է բրդաձորցու անունը, ոտ չի դնում գողը, ավազակը, այնտեղ, ուր արածում է նրա տավարը, ոչխարը, չի հանդգնում մոտենալ ուրիշ գյուղացի։ Շատ անգամ ավազակներից հալածված հարևան գյուղացիները դիմում են Վերանանց օգնության, և այդ ժամանակ վայ նրան, ում դեմ գրգռվում են այդ ազնիվ քաջերը...

Այր և կին, ծեր և տղա, Բրդաձորի բոլոր բնակիչները հրացանակիր են հարկավոր եղած ժամանակ, բոլորը գիտեն միահամուռ հարձակվել իրենց թշնամու վրա, պաշտպանվել և պաշտպանել հալածվածներին։

Պարզ կապտագույն երկինքը թաքնվեց բարձրագագաթ ծառերի խիտ մուգ կանաչագույն ճյուղերի հետևում։ Սպիտակ շավիղը որ գծում էր մեր ճանապարհը դեպի Խոժոռնի, անհայտացավ թանձրաբուս խոտի մեջ։ Մտանք կուսական անտառի խորքը։

Այլևս ոչինչ չի երևում մեր շուրջը, բացի կաղնիի, եղևնիի, թեղի, թղկենու, բարդու, հաճարի և այլ տեսակ վայրենի ծառերի հսկայական բուներից։ Երբեմն աջ ու ձախ բացվում են մթին խորխորատներ, խորին անդունդներ, պաշարված մամռապատ մռայլ ապառաժներով։ Դարավոր ծառերի ամուր