Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/71

Այս էջը սրբագրված է

այդ հովիվը Գիժ-Վերանանց ցեղիցն է։ Դա մոտ տասնույոթ տարեկան մի պատանի էր, բարձր հասակով, ուղիղ կազմվածքով, խոշոր, վառվռուն խաժ աչքերով և գեղեցիկ գծավորված սև հոնքերով։ Մեն միայնակ իր տավարի հետ, նա գտնվում էր անտառի մթության մեջ, հենց այնտեղ, ուր ավազակներն օր չէր անցնում, որ չկողոպտեին, չսպանեին։ Նա ապահով էր, որ ոչ ոք չի համարձակվի վնասել նրան։ Մինչդեռ մեր չորս չափահաս ձիապանները երկյուղից ստեպ-ստեպ նայում էին աջ ու ձախ, թե գուցե մի հաստաբուն ծառի հետևից հանկարծ դուրս թափվեն ավազակները։

Իր ցուպի վրա հենված, պատանի բրդաձորցին աչքերը դարձրեց մեզ և սկսեց նայել խոժոռ հայացքով, մինչև որ մենք կանցնեինք։ Նրա դեմքը, կազմվածքը և դիրքն արտահայտում էին ինքնավստահություն, անվեհերութուն — խառն հանդգնության հետ։

Բարձրացանք մի երկայնաձև բլուր, անտառները չէին ընդհատվում, միայն մեր ծուռումուռ հողային ճանապարհն էր փոխվել, և մենք գնում էինք քարքարոտ լեռնային շավղով։

Կրկին ժայռեր, ամեն տեղ ժայռեր, բայց ոչ այնպես լերկ, չոր ու ցամաք, ինչպես Սևորդյաց ձորում, այլ թաղված կանաչազարդ, հաստաբուն, բարձրագագաթ ծառերի խտության մեջ։ Ահա մեր ապառաժոտ ուղիի մի կողմում բարձրացավ մի բնական պատնեշ և մեր աչքերից թաքցրեց շրջակայքը։ Մյուս կողմում բացվեցին մթին, ահռելի անդունդներ, ծառերն իրենց խիտ ճյուղերի ստվերով քողարկել են այդ անդունդները, և մարդկային հայացքն անկարող է թափանցել նրանց խորքը, ուր, ով գիտե, ինչ տեսակ գիշակերներ են բուն դրել։ Երևում են միայն ծառերից թափված չորացած, սևացած տերևների կույտեր, հողմից և մրրիկից արմատահան եղած, թավալված հսկայական ծառեր, վիթխարի, մամռապատ ապառաժներ, մեկը մյուսից մռայլ, մեկը մյուսից տխուր, ինչպես մռայլ և տխուր են նրանց շուրջը կատարված անցքերը։

Եղանակը տակավին խաղաղ էր, թեթև զեփյուռն անընդհատ շարունակվում էր, ծառերի տերևներն իրենց մեղմ