սոսափյունով ամբողջ անտառի մեջ տարածել էին մի քաղցր շշնջյուն։ Կապույտ, փիրուզեգույն երկնակամարը մերթ երեվում էր, մերթ թաքնվում ծառերի հետևում. արևի պայծառ շողերը խաղում էին բարդիների ուղիղ, հաստ և բարձր բուների վրա, փայլեցնելով նրանց սպիտակ կեղևը։ Կրկին մեր ճանապարհը փոխվեց. անդունդները մնացին մեր հետևում, բնական պատը ընդհատվեց — բացվեցին հեռավոր տեսարանները, որ դարձյալ անհայսանան և, մենք մտնենք մի հով ձորի մեջ։
— Էս էլ Մեխակի աղբյուրն է,— ասաց մեր ձիապաններից մեկը։
Դարձյալ մի վայր, որ շաղախված է ավազակների թափած արյունով։
Ախորժելի էր գեթ մի քանի րոպե նստել այդ ձորի մեջ, դալար խոտի վրա, դարավոր կաղնիի ստվերում, լսել վճիտ աղբյուրի քաղցր կարկաչը, տերևների սոսափյունը, թռչունների համերգը, ծծել անտառային մաքուր օդը։ Բայց ահա, երկնքի մի կողմը փոքր֊ինչ մթնեց, ծառերի սոսափյունը սաստկացավ, փչեց հյուսիսային քամին, օդը պղտորվեց, և հեռվից, շատ հեռվից լսվեց մի խուլ որոտումն։ Լեռների վրա անձրև էր գալիս, ամպերը հետզհետե բարձրանում էին վեր ու վեր ու սպառնում էին ծածկել երկնքի ամբողջ հորիզոնը։
Հարկավոր էր շտապել առաջ, և մենք ստիպված էինք թողնել հրաշալի ձորը։ Հետզհետե որոտումն սաստկացավ, նա մոտենում է մեզ, անտառը խուլ թնդյուններ էր արձակում։ Աշնանային քամին պոկում էր ծառերի դեղնած տերևները և սփռում մեզ վրա, ձիերը խրխնջում էին և ականջները սրած, իրենք իրենց շտապում առաջ։ Ահա, վերջապես, բոլոր երկինքը ծածկվեց մուգ մոխրագույն ամպերով․ մի սպիտակ արծաթափայլ գիծ անցավ նրանց միջով և մի քանի վայրկյանից հետո լսվեց խլացուցիչ թնդյունը։ Անտառը մի սաստիկ արձագանք տվեց երկնային որոտումին, և անձրևի խոշոր կաթիլները սկսեցին կարկուտի սաստկությամբ տեղալ մեր գլխին։