Հեռվից երևեցան գյուղական խրճիթներ, խոտի դեզեր, մի փոքրիկ եկեղեցու գմբեթ։ Մենք հասել էինք Խոժոռնի գյուղին, անտառներն ընդհատվեցին։
— Կարելի՞ է մի քանի րոպեով մնաք քեզ մոտ,— հարցրինք ալյուրի փոշիով սպիտակած մի թուրքի, որ կանգնած էր ջրաղացի առջև և նայում էր որոտող երկնքին։
Թուրքը, հայտնի չէ ինչու, ձեռը բարձրացրեց դեպի երկինք և լուռ մտավ ջրաղացը։ Մենք ցած իջանք հոգնած, քրտնած ձիերից, մի փոքր մնացինք, հեղեղն անցավ, բայց անձրևը չդադարեց։ Երկին ձի հեծանք և Խոժոռնիի վրայով շարունակեցինք մեր ճանապարհը դեպի Շուլավեր։
Օրը բոլորովին մթնել էր արդեն, երբ մենք մինչև մարմին անձրևից թրջված մտանք Շուլավեր։
Ճանապարհին մենք վճռել էինք իջևանել մի հայ գինեվաճառի խանութում, որ մեզ հետ գալիս էր Սանահնից և որի ձին հեծել էր մեր ընկերներից մեկը։ Դա մի կարմրերես, առողջ սանահնեցի երիտասարդ էր, որ մի ամսից հետո պիտի զինվորության վիճակ հաներ։ Գինեվաճառը շատ էր հոգում, թե կարող է սիրած առևտրից զրկվել և օղիի տակառի ծորակի փոխարեն հրացան բռնել իր ձեռքում։
Երբ մոտեցանք գինեխանութին, որը, տիրոջ ասելով, «պեռվիյ սոռթ գոսթինցա է» Շուլավերում, գյուղացիները շրջապատեցին մեզ և հարցրին, արդյոք մեզ չե՞ն կողոպտել ավազակները։ Պատմում էին, որ նույն օրը մեր անցած ճանապարհի վրա ավազակները կողոպտել էին մոտ երեսուն մարդ, երկուսին վիրավորել և մեկին սպանել։
Հետևյալ օրը կիրակի էր, հասարակական կառքը Թիիֆլիս պիտի գնար մյուս օրը, երկուշաբթի։ Ուստի մենք ստիպված եղանք մի օր անցկացնել Շուլավերում։
Շուլավերը մի ահագին գյուղաքաղաք է մոտ հազար տնից բաղկացած, բնակիչները բացառապես հայեր են, ունեն երկու եկեղեցի, մի արական և մի իգական ուսումնարան։ Առավոտյան մենք այցելեցինք նոր եկեղեցին։ Այդ եկեղեցին գմբեթ չունի, պատճառը, ինչպես պատմում էին, այն էր, որ նրա շինության վերաբերմամբ գյուղական հասարակության