Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/74

Այս էջը սրբագրված է

մեջ ծագել էին երկպառակություններ և եկեղեցին մնացել էր անգլուխ։

Առհասարակ, ինչպես պատմում էին, շուլավերցիները շատ կռվասեր և խռովարար ժողովուրդ են։ Ճիշտ է այս թե չէ, չգիտեմ, բայց մի բան նկատեցի, որ նրանք չափազանց պարծենկոտ են, և սիրում են միշտ խոսել իրենց գործած և չգործած քաջությունների մասին։ Այս տեսակետից ավելի համակրելի են սանահնեցիները, որոնք որքան քաջ են, նույնքան համեստ և սառնարյուն։

Եկեղեցում մենք տեսանք մի խումբ կանայք և այդ կանանց մեջ մի տարօրինակ արարած։ Դա նիհար, թիկունքի ոսկորները դուրս ցցված, բարձրահասակ, հողագույն կաշվով, աչքերը պլզած մի տղամարդ էր, որ կարող էր համարվել քսանից մինչև քսանուերկու տարեկան։ Նրա ծռված մեջքը, ծալծլվող ոտները, նիհար ձեռների երկար մատները, բարակ պարանոցի դուրս ցցված կապույտ երակները, փոքրիկ շամամաձև գլուխը, երեսի և գլխի խոնավ, նոսր մազերը, մեռած, միանգամայն մեռած դեմքը մի զզվելի և միևնույն ժամանակ խղճալի տպավորություն էին անում տեսնողի վրա: Պատարագը դեռ չէր սկսվել, մի զգեստավորված քահանա մի գիրք ձեռին դուրս եկավ եկեղեցու խորանից և այդ տարօրինակ արարածին հրամայեց չոքել։

Մեր հարցին, թե ո՞վ է այդ մարդը, մի երիտասարդ պատասխանեց, թե նա հիվանդ է և բերել են, որ տերտերն ավետարան կարդա նրա գլխին։ Հետո նույն երիտասարդը պատմեց, թե հիվանդը Ներսիսյան դպրոցի ընդունակ աշակերտներից մեկն է եղել և նոր է ավարտել իր ուսումը։ Ողորմելին երկար ժամանակ ենթակա է եղել այն վտանգավոր ախտին, որ, ինչպես ասում են, չափազանց տարածված է այդ ուսումնարանի աշակերտների մեջ։ Սարսափելի ախտ. նա խղճալի երիտասարդին միանգամայն դարձրել էր կենդանի կմախք, իսկ մտավորապես — ապուշ։

Օրը զվարճալի անցավ մեզ համար։ Երկու շուլավերցի պատվական երիտասարդներ — պ. պ. Արշակ և Վախթանդ Մեհրաբյանները — մեզ հյուրասիրեցին իրենց գեղեցիկ