դարձյալ մտքով սլանում եմ դեպի հայ գրականական աշխարհ և իմ հոգնած ձեռը, նորից եռանդ ստանալով, ակամա ձգտում է դեպի գրիչ։
Թող այդպես լինի։ Ես մասամբ ֆատալիստ եմ, ընդունում եմ կատարվող երևույթների անհրաժեշտությունը, նրանց ղեկավարող օրենքները։ Եթե իմ սրտի բոլոր ուժերով ատելով մի բան, դարձյալ հոգով ու մտքով ինձ կապված եմ համարում նրա հետ, կնշանակե այսպես էլ պետք է լինի և ուրիշ. կերպ չի կարող լինել։
Նստած եմ Նևայի խոնավ, միգապատ և անձրևոտ ափերում և այս րոպեիս պետք եմ զգում իմ տպավորությունները արձանագրելու, ամենից առաջ իմ առջև նկարվում է այն ճանապարհը, որ բաժանում է Կովկասը լայնածավալ Ռուսիայից։ Նա ձգված է կովկասյան հսկայական լեռնաշղթայի վրա, լի բնության հրաշալիքներով։ Հասկանալի է, որ իմ խոսքը ռազմավիրական ճանապարհի մասին է, որ ոգևորել է ռուս խոսքի երկու հանճարեղ վարպետներին և հափշտակել է շատ ճանապարհորդների։
Հունիսի վերջին օրերից մեկն էր։ Արեգակը նոր֊նոր բարձրանում էր հորիզոնի վրա, երբ հինգ ճանապարհորդ կրող մեր կաբրիոլետը դուրս եկավ Թիֆլիսի փոստային կայարանից։ Ես նստած էի երկրորդ կարգում։ Իմ ուղեկիցներն էին Թիֆլիսի առաջին գիմնազիոնի մի ուսուցիչ և մի երիտասարդ օրիորդ—աշակերտուհի գիմնազիայի։ Հետաքրքրական չէր ինձ համար իմանալ, ովքեր են իմ հարևանները։ Ես պիտի առաջին անգամ տեսնեի բնության այն վայրերը, որոնց մասին դեռ մանկությանս օրերից լսել էի հազար ու մի գովասանքներ և հիացումներ։ Ով գիտե զգալ և մտածել, նա չի կարող չհիանալ բնության հրաշալիքներով, իսկ ով գիտե հիանալ, նա շատ անհամբեր է, երբ սպասում է տեսնելու իր չտեսած, բայց անթիվ անգամ փառաբանված վայրերը։ Իմ անհամբերությունը չափ չուներ, ես նմանվում էի մի ջղային մանկան՝ այն ժամերին՝ երբ կառքը կտրում էր ռազմավիրական ճանապարհի առաջին կայարանը։ Ոչինչ չկար Թիֆլիսի և Մցխեթի մեջ, ոչինչ, բացի փոշուց, տոթից և փոշիով ծածկված կառքերից ու դանդաղաշարժ Կովկասյան