սայլերից։ Ահա ինչու շատ էլ ձանձրալի չէր իմ հարևան ուսուցչի խոսակցությունը Կովկասյան դպրոցների, ռուս դպրոցական վարչության, իր գլխավորների խելացի ու բարձր գաղափարական քաղաքականության և, վերջապես, ինձ նմանների ցնորքների մասին։ Նա խոսում էր, ես լսում էի։ Ես ոչ նրա ասածներին համաձայնելու քաջություն և խելք ունեի և ոչ էլ հակառակելու ցանկություն։ Թող խոսի ինչ որ ուզում է, մտածում էի ես, իմ ուժից վեր է պատը բռունցքով խորտակելու։ Եթե իմ հայ ծնվելը ինձ համար հանցանք են համարում Կովկասը քաղաքակրթել կամեցող խելացի ուսուցիչները, դա գուցե համոզմունքի խնդիր է, սակայն իմ համոզմունքներն էլ մազի չափ չեն վիրավորիլ ու ոչ էլ ստամոքսս կխանգարվի, եթե ես անտարբեր լինեմ մի քաղցրաբարո ուսուցչի լայնածավալ գաղափարներին։
Բայց լռիր, ով քաղաքագետ չինովնիկ, ահա մոտենում ենք պատմական Մցխեթի բերդին։ Ես տեսնում եմ բարձրագագաթ, սեպաձև ժայռեր, որոնց ծոցում տեղավորված է վրաց ազգի պարծանք Թամարայի կացարանը։ Այստեղ մի ժամանակ, վրաց ասպետներն ու հերոսները արծաթապատ եղջյուրները ձեռներին, իրանց թագուհուն շրջապատած, բաց սրտով—խմել են նրա կենացը։ Այսպես է վայելել ինքը թագուհին իր երկու հայ զորապետների ձեռքով տարած հաղ¬ թությունների արգասիքը։
Ես տեսել էի Մցխեթը դեռ տասը տարի սրանից առաջ` Բաթում գնալիս։ Թե՛ այն անգամ, թե՛ այս անգամ ինձ գրավեցին ոչ թե նրա բերդը, վանքերը և ուրիշ հնությունները, այլ բնության այն վայրերը, ուր կառուցված են նրանք։ Խոստովանում եմ, ես հարգում եմ հնությունները, բայց երբեք նրանցով չեմ ոգևորվել։ Եթե ասեմ, որ ժամանակ է թողնելու մեռելներին, որ իրանց մեռելներին թաղեն, ժամանակ է դադարել գերեզմանների վրա դատարկ արտասուք թափելուց, շատ հին բան ասած կլինեմ... Ով ուզում է ապագայում ապրել, պետք է մտածի ներկայի մասին։ Անցյալի բեկորների վրա նոր շինություններ կառուցանել չի կարելի, այժմյան ճարտարապետության պահանջները միանգամայն ուրիշ են: