Արևի վերջին ճառագայթները մեր առջև, գետի մյուս կողմում լուսավորում են մի բարձր լեռան գագաթը։ Ինչպես Կովկասյան շատ լեռներ, բլուրներ, ավերակ բերդեր, ժողովրդի երևակայությունը այս լեռը ևս նվիրել է Քյոռ֊Օղլուն և պատմում է նրա մասին պես-պես առասպելներ։
Ավելի մոտ՝ դեպի գետը, շարեշար կանգնած են ուղղահայաց ժայռեր: Եվ այս ժայռերի լերկ կրծքի վրա երևում են ինչ-որ սև կետեր։
— Ի՞նչ է այդ,— հարցնում է մեզանից մեկը իր ձիապանին։
Գյուղացին, որ ոտով շտապում է իր ձիու հետևից, քրտինքը սրբում է ճակատից, նայում է, հառաչում և պատասխանում.
— Այրեր։
Ահա որտեղ են հայի նախահայրերը ապաստան գտել թշնամու հալածանքից, ահա որտեղ են նրանք մոնղոլների, լեզգիների, պարսիկների անողոք սրից ազատել իրենց կանանց ու զավակներին։
Բիրտ ու կոպիտ ժայռի սիրտն ավելի կակուղ է եղել, քան թե մարդինը՝ մարդի համար։
Եթե վկա չլինեին մարդկային ձեռքի անջնջելի հետքերը, անհավատալի պիտի թվար նույնիսկ պատմության խոսքը, թե երբևիցե այս խորշերը և այրերը բնակատեղիներ են եղել,— այնքան նրանք բարձր են երկրից և այնքան ցած՝ ժայռերի գագաթից։
Բայց ահա արևը բոլորովին թաքնվեց, մութը պատեց, գետը, ծառերը, սարերը, այրերը հետզհետե անհետանում են մեր աչքից, թողնելով մեր սրտում երկյուղ և հարգանք դեպի իրենց անցյալը։
Բնությունը հանգչում է, ոչ մի ձայն չի լսվում, չի լսվում և Դեբեդայի մռնչյունը։ Մենք արդեն հեռացել ենք նրանից, նա թաղվում է անդունդի մեջ։ Մեղմիկ սոսափում են աջ ու ձախ մեր ուղին զարդարող ծառերի տերևները։ Մենք անցնում ենք վարելահողի մի փոքրիկ տարածություն, սարերը հեռանում են մեզանից, հետո կրկին մոտենում են, և մենք մտնում ենք Խրամաձորը։