Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/84

Այս էջը սրբագրված է

նայում դեպի մի կողմ, ուր բացված է խոր անդունդը։ Սակայն բավական է, որ ձիերը մի փոքր շեղվեն իրանց ուղղությունից, և կառքը թավալվելով կանհայտանա խորխորատների մեջ։

Կայարան հասանք թե չէ, մեր կառքի ներսում նստած երկու ճանապարհորդներից մեկը — զվարթ դեմքով մի երիտասարդ գերմանացի — մոտեցավ մեզ և սկսեց գանգատվել իր հետ նստած պարոնի վրա։ Դա թթված դեմքով, կապույտ ակնոցներով մի երիտասարդ ռուս էր։

— Ես կտրաքեմ այդ մարդու հետ նստելով, — ասում է գերմանացին։ — Երկրորդ օրն է միասին նստած ենք, երկու խոսք չի խոսել։ Իսկ ինձ բնության տպավորությունները խեղդում են, ուզում եմ խոսել, արտահայտել իմ զգացածը։

Հետո հայտնվեց, որ անխոս պարոնը կոկորդի հիվանդություն ունի, բժիշկներից պատվեր է ստացել չխոսել։ Հիշեցի անմոռանալի Ադամյանի ցավը. որքա՜ն, երևի, տանջվել է նա այն ժամանակ, երբ զգացումները կուտակվել են, և արտիստը չի կարողացել արտահայտել նրանց։

Մտքումս ցանկացա, որ այդ օրը նույն ցավով, գոնե մի քանի ժամով վարակված լիներ իմ հարևան քաղաքագետ մանկավարժը, որ հակառակ ակնոցավոր պարոնին, արդեն չափից դուրս ի չարն էր գործ դնում իր կոկորդի լարերը։

Գուդաուր կայարանը ճանապարհի ամենաբարձր կետն է. մինչև այժմ բարձրանում էինք, այժմ պետք է ցած գայինք, անցնելով այսպիսով Կովկասյան լեռնաշղթան։ Կայարանից մենք կարճ ճանապարհով մի քանի վերստ գնացինք ոտքով․ մինչև որ մեր կառքը կպտտեր լեռան շուրջը։ Բարձրացանք ճանապարհի ամենավերին կողմը, ուր, մոռացել եմ ինչ հիշատակի համար, կանգնեցրած է մի խաչ։ Խորհուրդ եմ տալիս ամեն մի ճանապարհորդի այդ կտորը ոտով անցնել, եթե միայն ժամանակը ձմեռային չի և եթե նա կամենում է տեսնել լեռնային ծաղիկների ամենաընտիր տեսակները։ Ինձ թվում էր, որ անցնում եմ մի ամենաշքեղ արքայական ծաղկանոցով, այնքան բազմատեսակ են ծաղիկները, այնքան առատ և հոտավետ։ Մենք կազմեցինք մի-մի գեղեցիկ փունջ,