Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/85

Այս էջը սրբագրված է

որ վերջը նվիրեցինք մեր ուղեկից օրիորդին, մեծ հաճույք պատճառելով նրա պատանեկան դեռևս անասնական հոգուն ու սրտին.

III

Ես սովորություն չունեմ ճանապարհորդության միջոցին ամեն մի տպավորություն և դիտողություն մտցնել հուշատետրիս մեջ։ Առաջինը, դրա համար հարկավոր է ունենալ մանրակրկիտ վիճակադրողի ճշտապահություն, որպեսզի ամեն րոպե չձանձրանաս գրպանից հանել տետրդ և խազխզեք ամեն բան։ Երկրորդ՝ իմ կարծիքով, չպիտի նշանակություն տալ անխտիր այն բոլորին, ինչ տեսնում ես։ Կան բաներ, որոնք րոպեապես են ազդում մարդու վրա, անցնում է մի քանի օր, և նրանք անհետանում են մարդու հիշողությունից։ Դրանք արժանի չեն ուրիշներին հաղորդելու։ Բարվոք եմ համարում շատ բան թողնել իմ զգայարանների կամքին։ Եթե մի երևույթ կամ պատկեր ինքնըստինքյան խորը տպավորվում է իմ հիշողության մեջ և ոչ միայն երկար ժամանակ չի անհետանում, այլև կենդանի պատկերանում է իմ աչքի առջև ամեն անգամ հիշելիս — դա եմ միայն նկարագրության արժանի համարում։

Հիշում եմ, որ մեր կառքն անցնում էր Դարիալի ձորով, քանի գնում, իմ տպավորությունները բարդվում էին, ես հետըզհետե թուլանում էի ու ընկճվում նրանց զորության տակ։ Զգում էի, որ արյունս երակներիս մեջ սկսում է վազել ավելի արագ, սիրտս ուժգին բաբախում է, այնչափ զորեղ էր իմ տեսած բնական տեսարանների տպավորությունները։ Ահա ինչու այժմ ևս, երբ ամիսներ են անցել, կատաղի Թերեքի մռնչյունը հնչում է իմ ականջին և պարզ, որոշ պատկերացնում են իմ աչքի առջև այն բարձրագագաթ լեռները, որոնց ձյուներից գոյանում է այդ խելագար գետը, նաև այն հսկայական մռայլ քարաշղթան, որի երկու անընդհատ հյուսվածքի միջով վազում է նա։ նկարագրել ամբողջ Դարիալի ձորը մի թռուցիկ նամա֊