մեջ՝ անկարելի է։ Ես մտադիր եմ այդ փորձն անելու մի ընդարձակ վիպական աշխատության մեջ, որի բովանդակությունը կապ կունենա այդ վայրերի հետ։ Վայրեր, որոնք վկա են եղել հարյուրավոր պատմական անցքերի և ուր ամեն մի քար ներկված է մարդկային արյունով։ Սակայն, կրկնում եմ, պատմության մեռյալ փաստերը չեն, որ պետք է գրավեն կենդանի և զգայուն մարդուն, այլ նրանց այժմյան ողբալի հետևանքները։ Զգայուն մարդը, անցնելով այդ վայրերով, տեսնում է միմյանցից տխուր բնական շիրիմներ անհուն բարձրությամբ, որոնց տակ թաղված են հազարավոր մարդկանց ոսկորներ։ Կամա, ակամա նա ընկնում է այդ ծանր խորհրդածության մեջ, թե ինչու այդ վայրերի նախկին բնակիչները չկարողացան այդ ժայռերը մի-մի փառքի սյուն դարձնել և ընկան...
Թերեքի մռնչյունը այդ մասին մի մշտական անընդհատ բողոք է դեպի աստված և հանդիմանություն այն ժողովրդին, որի նախահայրերը միայն մի չքավոր, խղճալի և ողորմելի պատմական ժառանգություն են թողել... Կընդհատվի՞ արդյոք այդ դառն հանդիմանությունը. կկարողանա՞ն արդյոք ժառանգները երբևէ իրանց վրայից ջնջել նախահայրերի թողած ամոթաբեր արատը—դժվար է գուշակել։ Բայց անցորդը շատ ծանր տպավորություն է ստանում այդ վայրերից և նրանց այժմյան բնակիչներից։ Ամեն տեղ տիրում է մեռելություն։ Միայն երբեմն նեղ ձորերի և կիրճերի մեջ երևում են քանի մի մոխրագույն կետեր։ Եթե այդ կետերից բարձրացող ծուխը չլինի, հազիվ մի մարդ կարող է կարծել, թե դրանք մարդկանց կացարաններ են և ոչ կենդանիների որջեր:
Այն ինչ՝ այդ հողի և քարի կույտերի այն ողորմելի ժողովածուները տեղական ժողովրդի լեզվով գյուղեր են կոչվում։
Ահա ինչու այդ մռայլ ամայության և չքավորության մեջ մի կենդանի հանդիսարան է թվում մաքուր պահվող խճուղին, որի վրա անընդհատ անցուդարձ են անում զանազան տեսակի կառքեր, տանելով իրենց մեջ աշխարհի ամեն ծայրից եկած տուրիստներ։ իբրև ժամանակակից կուլտուրայի