Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/87

Այս էջը հաստատված է

մի բարակ ու թույլ գիծ, խճուղին անցնելով կիսավայրենի երկրով, ձգում է լուսավորության մի տկար շողք իր շուրջը։ Բայց ի՞նչ է առաջացնում այդ շողքը։— Ճանապարհի աջ ու ձախ կողմերում ոտաբոբիկ, կիսամերկ, կեղտոտ տղաների խմբակներ, վայրենի ծաղիկներից կազմած մի֊մի փոքրիկ փնջիկ ձեռներին՝ կանգնած սպասում են հեռվից երևացող կառքին։ Մոտենում է կառքը, նրանք շրջապատում են և սկսում վազել նրա երկու կողմով, ամբողջ մի վերստ, ձգելով փնջիկները ճանապարհորդների վրա, որպեսզի մի քանի կոպեկ ստանան։ Խե՜ղճ մանուկներ, ձեր ողորմելի աղերսանքները, որ բնավ չեն համապատասխանում այդ վիթխարի ժայռերի հպարտությանը, մարդու սիրտ են մորմոքում։ Եվ մի՜թե այդ խճուղին շինված է, որ ձեզ մուրացկանություն սովորեցնի...

Կազբեկ կայարանում, համանուն գյուղի ծայրում գրեթե խճուղիի եզրին կանգնեցրած է վրաց միակ վիպասանի՝ Կազբեկի, վերջին աստիճանի անշուք արձանը։

Եթե չեմ սխալվում, այստեղ է նույնիսկ թաղված հանգուցյալի դիակը։

Մեր անցնելու միջոցին Կազբեկ լեռան գագաթը ծածկված էր նոսր ամպերով, բայց նրա լայնածավալ սառցարանները պարզ երևում էին հեռվից, իրենց նուրբ մոխրագույն տեսքով որոշվելով ձյունապատ լեռան մյուս մասերից։ Ցավալի էր, որ առաջուց չգիտեի, թե կայարանից կա առանձին ուղի դեպի այդ սառցարանները, և տուրիստները ձիով գնում են այդ ուղիով դեպի Կազբեկ։ Եթե իմացած լինեի, չէի վերցնիլ տոմսակ ուղիղ մինչև Վլադիկավկազ, և այն ժամանակ կարող էի առանց ավելորդ ծախքի մի օրով շեղվել ճանապարհից տեսնելու այդ սառցարանները, որոնց մասին այնքան կարդացել եմ և լսել։

IV

Հետաքրքրությունից դրդված ես վճռել էի այցելել Հյուսիսային Կովկասի մի քանի հայաբնակ քաղաքներ։ Վլադիկավկազում վճռել էի մնալ երեք օր, բայց անակնկալ պատճառներով