Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/88

Այս էջը սրբագրված է

չկարողացա հինգ ժամից ավելի մնալ, ուստի առիթ չունեցա դիտելու տեղական հայերի կյանքը։ Միայն մի քանի ժամ կառքով պտտելով քաղաքը, կուլ տվեցի այդ կեղտոտ քաղաքի կեղտոտ փողոցների փոշին։

Քաղաքի կենտրոնով անցնելիս՝ շատ խանութների ճակատին կարդացի հայ ազգանուններ։ Մի անձնավորության հասցեն իմանալու նպատակով մտա խանութներից մեկը, որի առջև ուռած֊փքված կանգնած էր նրա տերը։ Դա կարմիր այտերով, ճարպոտ աչքերով, մաքուր հագնված մի երիտասարդ էր, այնքան գոռոզ և ինքնաբավական դեմքով, որ կարծես տաճիկ փաշան լիներ և նոր էր ստացել սուլթանից առաջին աստիճանի Մեջիդե՝ սասունցիներին կոտորելու համար։ Բայց չկարծեք հայ փաշան ստրուկներ չուներ։ Ահա խանութի ներսում, ձեռները կրծքներին դրած, հլության զազրելի դրոշմը ճակատներին, կանգնած են տասնի չափ երիտասարդ հայ գործակատարներ և ակնածությամբ դիտում են իրանց աղայի ամեն մի շարժվածքը։

Ես խոսեցի հայերեն, վաճառականը պատասխանեց նույն լեզվով, իսկ գործակատարները, երևի իրանց քաղաքակրթությունը ցույց տալու համար, բարբառեցին ռուսերեն։ Բայց վա՝յ այն ռուսերենին, որով նրանք խոսում էին, ինչպես և աստված հեռու պահի նրանց աղայի խոսած հայերենից։ Հայ վաճառական դասը առհասարակ սիրում է բոլոր օտար լեզուներով խոսել, բայց ես դեռ չեմ տեսել մի վաճառական, որ մի որևէ լեզվով կանոնավոր և անսխալ խոսեր։

Վլադիկավկազից մինչև Արմավիր ես վերցրի երկաթուղու երրորդ կարգի տոմսակ։ Բախտի բերմամբ ընկա մի այնպիսի վագոն, ուր ինչ ազգի գավակ ասես կային։ Դեմուդեմ երկու նստարանների վրա նստած էին մի հայ, երկու թուրք, մի վրացի և մի հրեա։ Ես միացած այդ միջազգային խառնուրդին։ Հայը տիրացու էր, թուրքերը վաճառական, հրեան արհեստավոր, վրացին գինեվաճառ։ Թուրքերից մեկը, որ հագնված էր եվրոպական ձևով, խոսում էր կովկասյան բոլոր լեզուներով։ Դա մի երիտասարդ մարդ էր, որ, չնայելով իր նորատարազ հագուստին, ոտքից մինչև գլուխ նույն քյալբյահին էր, ինչ որ իր հայրերը և նախահայրերը։ Նա տեղի-անտեղի