Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/89

Այս էջը հաստատված է

ծաղրում էր, որ մի պատկառելի ծերունի էր Ահարոնի կերպարանքով։ Վրացին հըռ-հըռ ծիծաղում էր։ Իսկ հայ տիրացուն կաշվից դուրս էր գալիս թուրքին ծաղրելու։ Մի խոսքով ընդհանուր և փոխադարձ ծաղրածություն էր տիրում, որի ժամանակ ամենից համեստ էր և համակրելի ծերունի հրեան։ Հայ տիրացուին չէր հաջողվում ծաղրել. վասնզի նրա սրախոսությունները, որ միայն իրան էին ծիծաղեցնում, նույնքան բութ էին, որքան նրա դեմքի արտահայտությունը։ Թուրքի ծաղրածության նյութերից մեկն էլ հրեաների անմաքրասիրությունն էր։ Բայց ինքը թուրքը ոտից մինչև գլուխ արևելյան անմաքրության մի տիպար էր՝ մանավանդ իր սև և ճարպոտ ձեռներով։

Արմավիրում ես մնացի չորս օր։ Այդ ահագին գյուղը իր ընդարձակ փողոցներով, գեղեցիկ տներով և հարուստ մագաղիններով կարող է մրցել Կովկասի ամեն մի նահանգական քաղաքի հետ։ Նրա ավելի քան 20 հազար բնակիչների մեծամասնությունը հայեր են, որոնք խոսում են չերքեզերեն, շատ քիչ բացառությամբ։ Վեհափառ կաթողիկոսի այցելությունը նրանց վրա խորին տպավորություն է թողել և ամեն տեղ, ուր որ լինում էի, այդ մասին էին խոսում։ Հաճելի էր նկատել, թե ինչպես այդ կորած, մոլորված հայերը աշխատում են այժմ իրանց մայրենի լեզվով խոսել։ Մի ձգտում, որին կարող է բավականություն տալ Հաշտարխանի թեմական դպրոցի բացվելը։ Հասարակության ինտելիգենտ մասի խոսակցության գլխավոր առարկան այդ դպրոցն էր իմ այնտեղ եղած ժամանակ և շատերն այնքան չափից դուրս են զբաղված այդ խնդրով, որ չեն ուզում նրանից դուրս ավելի կարևոր խնդիրներով զբաղվել։ Այն հարցը, թե որտեղ ավելի հարմար է բանալ դպրոցը— Հաշտարխանո՞ւմ, թե՞ Արմավիրում— թեմի ժողովրդին բաժանել է երկու կուսակցության։ Մեծամասնությունը Արմավիրի կողմն է, որ, արդարև, ավելի շատ հարմարություններ ունե։ Արմավիրի համար առանձին ջանքով աշխատում է տեղական Գևորգ քահանա Սեֆերյանը, որ մի եռանդուն երիտասարդ չերքեզահայ է գեղեցիկ ձգտումներով։ Չերքեզահայերը ընդհանրապես իրենց պարզությամբ և