Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/90

Այս էջը սրբագրված է

անկեղծությամբ շատ սիրուն տպավորություն են անում։ Սակայն մի խումբ թերխաշ անձնավորություններ, մեծ մասամբ եկվորներ, այդ պարզ ժողովրդի մեջ ևս ձգտում են մտցնեք կուսակցական պառակտումներ։ Կուսակցություն ասելով, իհարկե, չպիտի կարծել, թե այդտեղ որևէ գաղափարական կռիվ կա։ Նա ուրիշ ոչինչ է, եթե ոչ վարժապետների համար պաշտոնի, իսկ տերտերների համար—ծուխի խնդիր։ Միայն պառակտում ձգտողները իրանց ողորմելի որկորը հասարակության հաշվով հագեցնելու համար մտնում են այս կամ այն լրագրի անվան տակ։ Մեկը մի լրագիր է ընտրում իր գծուծ շահերը պաշտպանելու համար, մյուսը մի ուրիշ լրագիր. և դրանցից են առաջանում այն «ական»-ները, որոնցով այսօր լիքն են գավառական հայ ուսումնարանները, եկեղեցիները և խանութները։ Մարդ շատ անգամ հոգու խորքում և՛ ծիծաղում է, և՛ խորին ցավ զգում, տեսնելով, թե ինչպես այդ մարդիկ ծտերի դեմ թնդանոթներ են արձակում և ինչպես իրանց մանր-մունր խլրտումներին ձգտում են համազգային նշանակություն տալ․․։

Բայց թողնենք այս եղկելի երևույթը։ Ես վճռել եմ այս մասին երբեք ոչ միայն չգրել, այլև չմտածել, եթե հնար կա չմտածելու։ Կա մի ուրիշ ավելի նոր, ավելի հետաքրքրական և միևնույն ժամանակ, ավելի տխուր երևույթ, որին արժե մի առանձին նամակ նվիրել։ Եվ իմ հաջորդ նամակը նվիրված կլինի այդ երևույթին․․։

V

Հյուսիսային Կովկասի հայաբնակ քաղաքներում մեծ հռչակ է վաստակել մի նոր տեսակի պարազիտ։ Դա է այն հետաքրքրական ու տխուր երևույթը, որի մասին ակնարկեցի անցյալ նամակիս վերջում։

Ուր որ գնում էի, պարազիտի մասին անխուսափելի կերպով խոսակցություն էր բացվում և շատերը ինձ հարցնում էին, արդյոք ճանաչո՞ւմ եմ նրան կամ գոնե լսել եմ նրա մասին։ Հարցը շատ բնական էր։ Պարազիտը, դժբախտաբար,