Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/91

Այս էջը հաստատված է

գրականության հետ մի ժամանակ մի թույլ կապ է ունեցել և ամեն ոք հավանական էր համարում, որ ես պետք է այսպես թե այնպես ճանաչեմ նրան։ Ճշմարիտն ասած, ես անձամբ ոչ տեսել եմ այդ պարազիտին, ոչ էլ գիտեմ ով է նա, բայց այնքան բաներ լսեցի նրա մասին մի ճանապարհորդության միջոցին, որ ինձ համար միանգամայն պարզվեց նրա բարոյական պատկերը։ Ամենքը, ով պատահում էր ինձ, խնդրում էին հրապարակ հանել այդ պատկերը։ Մի քաղաքում ինձ մոտ եկան հատկապես այդ խնդրով երեք պարոններ։ Ես առարկում էի, թե գրելով դժվար է պարազիտներին ոչնչացնել, թե միայն հասարակությունն ինքը կարող է նրանց առաջն առնել, անխնա ջախջախելով նրանց ամեն քայլում, բայց այդ չէր գոհացնում ոչ ոքի և ամենքը միաբերան ցանկություն էին հայտնում տպագրված տեսնել այն բոլորը, ինչ որ նրանք պատմում էին։

Ահա ինչու, որքան անախորժ լինի ինձ համար սողուններով զբաղվելը, ես ստիպված եմ իմ ներկա նամակը նվիրել նրանցից մեկին։

Փոքրիկ է իմ նկարագրելի պարազիտը, չնչին է և հազիվհազ նշմարելի մեր հասարակական կյանքի հորիզոնում, բայց նա վնասակար է և նոր, ուստի և՛ արժանի ուշադրության։ Ուրեմն թող ներվի ինձ մի փոքր հեռվից սկսել նրա պատմությունը։

Թե ուր է ծնվել նա, ուր է սնվել ու կրթվել, չգիտեմ: Լսել եմ, որ նա մի օր երևան է եկել Կասպից ծովի ափերում, նավթաշխարհի մայրաքաղաքում, ուր մարդիկ մի քանի տարվա ընթացքում կամ միլիոնատեր են դառնում, կամ սնանկանում։ Նախանձելով իր հայրենակիցների բախտին, նա էլ կամեցել է հարստանալ և այս մտքով մտել է, չգիտեմ ում մոտ, գործակատար։ Համբերություն չունենալով տարիների ընթացքում ստորագրյալի պաշտոն վարել, որպեսզի մի օր «մարդ դառնա», նա վճռել է դիմել այնպիսի միջոցների, որոնք ավելի դյուրին են կյանքի ասպարեզում մի անկյուն գտնելու համար։ Մեկն էլ այդ միջոցներից եղել է մի հայ լրագրի թղթակցելը։ Նա սկսել է ցեխոտել այն մարդկանց, որոնց ճաշակը առհասարակ չի թույլ տալիս հասարակական