Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/95

Այս էջը սրբագրված է

միայն հայերի մեջ է հասարակության մի մոռացված և արհամարհված անդամ, այլև նույնիսկ քաղաքակրթված ազգերի մեջ։

Մտածում է մեր հերոսը, սակայն չի հուսահատվում։ Նայում է քարտեզին և տեսնում է, որ հայ ազգը այնքան շատ երկրներ է սփռված, որ իր նմանները դեռ երկար ժամանակ կարող են հարստության ասպարեզ գտնել այդ խեղճ ազգի մեջ։ Եվ նա մի գիշեր կարծեմ գաղտնի մտնելով այն լրագրի խմբագրությունը, ուսկից վռնդված է եղել, ծլկում է այդ լրագրի բաժանորդագրական անդորրագրերի մի ահագին կապոց և անհետանում։ Նա քայլերը ուղղում է դեպի Հյուսիսային Կովկաս, ուր մարդիկ ավելի պարզամիտ են, ուրեմն և ավելի դյուրին խաբվող։

Թե ինչ սխրագործություններ է անում մեր հերոսը այստեղ — անհնարին է մի առ մի նկարագրել՝ այնքան շատ են նրա արածները։

Եկ հիշեմ իմ լսածների միայն մի մասը։

Նախ և առաջ, նա շտապում է սաղացնել իր հետ բերած բաժանորդագրական անդորրագրերը, ձևանալով վերև հիշված հայ լրագրի թղթակից։ Պատահողին կպցնում է մի-մի նոր անդորրագիր, փոխարենը պոկելով մի-մի կարմրագույն թղթադրամ։ Անցնում են ամիսներ, խաբվողները լրագիր չեն ստանում, թե «այդ մարդը մեր հավատարմատարը չէ պատասխանելու չէնք նրա խաբեբայության համար»։

Բաս ո՞վ է պատասխանում։ Իհարկե, հասարակության այն մրուրը, ուր ծնունդ են առնում այդ տեսակ սողուններ։

Այնուհետև մեր հերոսը դիմում է ուրիշ միջոցների։ Մեկի առջև նա ձևանում է դարձյալ լրագրի թղթակից, խոստանում է գովել, եթե փող կտա, պախարակել, եթե չի տալ։ Մյուսի առջև ձևանում է քաղցից մեռնող բանաստեղծ, որին «տգետ հասարակությունը չի կարողանում գնահատել», երրորդի առջև՝ «ժամանակից առաջ ծնված հերոս, որին ներկայի հետադիմությունը հալածում է», վերջապես, չորրորդի առջև ներկայանում է իբրև մի շատ բարձրաստիճան հոգևորականի հավատարմատար և այլն, և այլն և այլն։ Եվ շատ տեղեր