Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/99

Այս էջը սրբագրված է

Իսկ չար լուրը հետևյալն էր. թե ռուսական բանակի մեջ գտնվող հայ շարքային զինվորները, իրենց մարմնին այս կամ այն թեթև վնաս տալով, ձևանում են վիրավոր՝ կռվի դաշտից անամոթաբար փախչելու համար, թե սահմանագլխի հայ գյուղերը նրանց պատսպարում են, թե հայերն առհասարակ գողանում են, թալանում և այլն և այլն։

Այսպես թե այնպես, մեր մտատանջությունը մեծ էր, հոգեկան վիճակն անտանելի։

Մեր խումբը բաղկացած էր չորս հոգուց, մի հոգևորականից (Մեսրոբ եպիսկոպոս Տեր֊Մովսիսյան) և երեք աշխարհականից (Ներսիսյան դպրոցի տեսուչ Հովսեփ Խունունց, բանաստեղծ Հովհաննես Թումանյան և ես), էջմիածնում մեզ միացան Խորեն եպիսկոպոս Մուրադբեգյանը և Երևանի ապագա քաղաքագլուխ Սմբատ Խաչատրյանցը։

Մի գիշեր էջմիածնում անցկացնելով, առավոտյան կառքերով ուղևորվեցինք Իգդիր, ավելի ճիշտ կլիներ ասել մտանք Կովկասյան աշխարհահռչակ տիղմի մեջ։ Այո, պետք է արժանավոր հարկը տալ Երևանյան նահանգի ադմինիստրացիային, որ տարիների ընթացքում զարմանալի տաղանդ է գործադրել երկրի ճանապարհները ճամփորդների համար կատարելապես կորստաբեր դարձնելու համար։

Ընդամենը 36 վերստ է Էջմիածնից մինչև Իգդիր, և այդ տարածությունը մենք անցանք յոթ ժամում։ Գոհ էինք, որ մեր կառքերը չթաղվեցին թանձր տիղմի մեջ, մենք ստիպված չեղանք ճանապարհը ոտքով կտրել։ Նման դժբախտություն ունեցել էին մեզնից առաջ ճամփորդները։

Մութ մառախուղային ցուրտ ու խոնավ երեկո էր, երբ մենք մտանք Իգդիր կոչված ճահիճը։ Իջևանեցինք տեղացի վաճառական պ. Արշակ Հակոբյանի մաքուր և ընդարձակ բնակարանում։ Դա մի հաճելի սյուրպրիզ էր մեզ համար, որովհետև գիտեինք, որ Իգդիրում բոլոր «հյուրանոցները» և մասնավոր բնակարանները վարձված են օֆիցերներից։

Եկան մեզ հետ տեսնվելու տեղական մի քանի մտավորականներ և հաղորդեցին շատ հետաքրքրական նորություններ