Այս էջը սրբագրված է

հագուստ, որ ավելի մաքուր էր և ավելի նուրբ ձևով կարված, քան նրա ընկերակիցներինը։ Դեղնագույն հարդյա գլխարկի լայն ծայրը սքողել էր նրա ճակատը, որ ծածկված էր բազմաթիվ մանր ելունդներով։ Մի նշան, որ հետևանք էր նրա անբարոյական կենցաղավարության։ Երիտասարդի ժիլետի վրա նույնպես փայլում էր մի ահագին ոսկե շղթա։ Իսկ շղթայից քաշ էր ընկած հինգկոպեկանոցի չափ ոսկե մեդալիոնը` զարդարված մանրիկ ադամանդներով։ Նրա բարակ դեղնագույն ձեռնոցներից մեկի տակից, աջ ձեռքի միջամատի վրա ցցված էր մատանու մեծ փիրուզեն։ Ճերմակ ատլաս յա փողպատի վրա մեխված էր մի մեծ ոսկե գնդասեղ նույնպես ադամանդներով զարդարված։ «Պետր Ստեփանիչ Դոլմազով» — այսպես էր փորագրված երիտասարդի անունը նրա ձեռնափայտի չորս մատնաչափ ոսկեպատ կոթի վրա։

II

Խումբը տաքացած խոսում էր ու վիճաբանում հանքերի, գործարանների, նավթի և ուրիշ այսպիսի հետաքրքրական նյութերի մասին։ Մի քանիսը խոսողներից այնքան ոգևորվել էին, որ քիչ էր մնում փոխեին իրանց կանգնած դիրքն և քանդեին մեջտեղի օղաձև տարածությունը։ Մեկը կամենալով համոզել ինչ-որ բանում յուր դեմուդեմ կանգնողին, մի փոքր առաջ շարժվեց, և երկուսի փորները մի քիչ ընդհարվեցին։

Խոսակցությանը չէր մասնակցում միայն երիտասարդը։ Նա երեսը դարձրել էր դեպի ծովն և հեռադիտակով անդադար նայում էր եկող շոգենավին, որն այդ ժամանակ այնչափ մոտեցել էր կայարանին, որ պարզ նշմարվում էին տախտակամածի վրա խմբված ճանապարհորդները։

— Պետր Ստեփանիչ, ինչո՞ւ ես այդպես անհամբեր մտիկ անում, երևի, մարդի ես սպասում, — դիմեց երիտասարդին հաստափորներից մեկը, աջ ձեռը դնելով նրա ուսին, երբ խոսակցությունը մի քանի վայրկյան ընդհատվեց։

Պետր Ստեփանիչը չպատասխանեց։ Նա խորասուզված շարունակ նայում էր դեպի շոգենավը։