անասնական կիրքն յուր բոլոր ուժով։ Նա անդադար աչքերը կուչ բերելով, քաղցրությամբ ժպտում էր օրիորդի երեսին, և այդ ժամանակ նրա դեմքը մի ինչ-որ անախորժ, ինչ-որ զզվելի, վավաշոտ, արտահայտություն էր ստանում։ Օրիորդը, կարծես, այդ չէր նկատում և անտարբերությամբ խոսում էր նրա հետ։ Սակայն երբ մի անգամ Պետր Ստեփանիչը շարունակ նայեց նրա երեսին և բոլորովին անտեղի և անժամանակ ժպտաց, գլուխը թեքեց դեպի կուրծքը, և նրա դեմքը թեթև կարմրեց։ Մարիա Իվանովնան դիմեց յուր որդուն․
— Վազի՛ր Արտեմ, շուտուվ ապրանքը հավաքիր շոգենավից ու բեր։
— Իսկ դուք, Կատերինա Կարլովնայի հետ գնանք ինձ մոտ ճաշելու, — մեջ մտավ Պետր Ստեփանիչը։
Մարիա Իվանովնան համաձայնվեց, և Դոլմազովը, յուր տան հասցեն տալով Արտեմ Կարլիչին և նրանց հետ միասին կառք նստելով, շտապեց տուն։
Իրիկնադեմ էր, երբ նորեկները ճաշելուց հետո կրկին վերադարձան իրանց բնակարանը։ Արտեմ Կարլիչը բոլոր իրեղենները արդեն բերել էր։ Նրանք սկսեցին կարգի բերել իրանց բնակարանը։ Մարիա Իվանովնան յուր որդու հետ պատրաստում էր վերջին սենյակը, իսկ Կաւտերինա Կարլովնան նույնպես պատրաստում էր յուր սենյակը Պետր Ստեփանիչի օգնությամբ։ Չնայելով օրիորդի թախանձանքին, որ նա նեղություն չքաշի աշխատելու ու գնա հանգստանալու, հոգատար Պետր Ստեփանիչը քայլ անգամ չէր ուզում հեռանալ օրիորդից և ոտքի-ձեռքի ընկած մեծ պատրաստակամությամբ օգնոււմ էր նրան։ Հետզհետե Կատերինա Կարլովնան սկսեց ձանձրանալ նրա օգնությունից։ Պետր Ստեփանիչն այնքան չէր օգնում, որքան յուր ծանր ու խոր հայացքներով և անտեղի քաղցրախոսությունով ձանձրացնում էր օրիորդին։
Կատերինան այդ հայացքներն ընդունում էր իբրև սովորական քաղաքավարության արտահայտություն երիտասարդի կողմից դեպի մի օրիորդ, բայց երբ Պետր Ստեփանիչը սկսեց անցնել սովորական չափավորության սահմանը, այն րոպեից օրիորդի սրտում ծագեց ինչ-որ կասկած։ Պետր Ստեփանիչի ներկայությունը սկսեց