Այս էջը սրբագրված է

նրան ճնշել, և նա աշխատում էր խույս տալ նրա հայացքներից։

Պատահեց մի դեպք։ Կատերինա Կարլովնան յուր հագուստեղենները տեղավորում էր պահարանի մեջ։ Նրա մայրն ու եղբայրը մյուս սենյակումն էին։ Պետր Ստեփանիչն անշարժ կանգնած, նայում էր օրիորդին։ Երբ Կատերինան, վերջացնելով գործը, կամենում էր կողպել պահարանը, բանալին մի քանի անգամ շուռ տվեց ու չկարողացավ կողպել։ Պետր Ստեփանիչի սուր հայացքն իսկույն այդ նկատեց։ Նա շտապով մոտեցավ օրիորդին։

— Թույլ տվեք, որ ես կողպեմ, Կատերինա Կարլովնա, դուք ուժ չունեք, ափսոս է, ձեր քնքուշ ու գեղեցիկ մատները կցավեն։

— Ոչ, խնդրեմ նեղություն մի՛ քաշեք, այդ պահարանը բացի ինձանից ոչ ոք չի կարողանում կողպել և բանալ։

— Ես կարող եմ, այ, տեսնո՞ւմ եք, ձեր ձեռները ինչպես կարմրեցին։

Այս ասելով, Պետր Ստեփանիչը ձախ ձեռով սիրալիր հեռացրեց օրիորդի ձեռը բանալիից, իսկ աջով սկսեց պտտեցնել բանալին, միևնույն ժամանակ մյուս ձեռում սեղմած պահելով օրիորդի աջը։ Օրիորդն աշխատեց զգուշությամբ ազատել յուր ձեռը, բայց չհաջողվեց։ Պետր Ստեփանիչը նրան շատ ամուր էր սեղմել։ Օրիորդը չգիտեր ինչ աներ։ Նա մի անգամ ևս փորձեց դուրս բերել ձեռը նրա ձեռից, բայց, չկարողանալով, սկսեց դողալ։ Պետր Ստեփանիչի մեջ եռաց բուռն կիրքը։ Նա, շարունակելով բանալին ոլորել կողպեքի մեջ, յուր շրթունքները զգուշությամբ մոտեցրեց օրիորդի երեսին և կամենում էր․․․ Բայց զսպեց իրան։

Այդ վայրկյանին ներս մտավ Մարիա Իվանովնան։ Փոքր անցած՝ գնդակի նման ներս գլորվեց մի լղար, կարճահասակ մարդ ճերմակ մազերով։

— Պա՛պա, պա՛պա, — գոչեց Կատերինա Կարլովնան և, առաջ վազելով, ընկավ ծերունու գիրկը։

IV

Ներս վազողը Կարլ Մարկիչ Պոպովն էր, Կատերինայի հայրը։ Մի քանի րոպե հայր ու աղջիկ իրարու գրկած համբուրվում էին։