Այս էջը սրբագրված է

Պետր Ստեփանիչը զգաց այդ սառնությունը։ Նկատեց նույնպես և՛ Կարլ Մարկիչը, նկատեց և մի խոշոր հանդիմանական հայացք ձգեց յուր աղջկա վրա։

Վերջապես, Պետր Ստեփանիչը Կարլ Մարկիչի ուղեկցությամբ դուրս եկավ փողոց և հեռացավ, վրդովված առաջին անհաջողությունից։ Կատերինա Կարլովնան վիրավորել էր նրա սահմանափակ ինքնասիրությունը։ Այդ նա զգում էր և չէր կարող անտարբերությամբ տանել։ Նրա համար դժվար էր մարսել օրիորդի կոշտ վարմունքը։ «Աղքատ լինիս ու այդքան հպա՛րտ, — մտածում էր նա, անցնելով փողոցով։ Արժան չհամարեց մինչև անգամ կարգին ձեռ տալու ինձ, միայն մատների ծայրերը մոտեցրեց։ Այ գոռոզություն։ Հարցնող լինի, ինչո՞վդ ես պարծենում, այն էլ ինձ մոտ, որ, եթե ուզենամ՝ կարող եմ քաղցած սպանել։ Բայց սպասենք, կարծեմ, երկար չի տևիլ այդ հպարտությունը, սպասենք...»։

— Բայց ի՛նչ հասակ, ի՛նչ կազմվածք... ի՛նչ դեմք... Վատ չէր լինիլ, եթե Կարլ Մարկիչը մի հարուստ վաճառական լիներ և ոչ թե այսօրվա նման մի չնչին գործակատար, դատարկ գրպանով և անհայտ անունով։ Այն ժամանակ ես մինչև անգամ չէի հրաժարվիլ Կատերինայի հետ օրինավոր կերպով պսակվելուց, թեև բժիշկները... Հը՛մ, բժիշկնե՛րը... Է՛հ, թքել եմ նրանց գիտության վրա...

Պետր Ստեփանիչը մեկ փողոց անցավ ոտով և հետո, նստելով առաջին պատահած կառքը, գնաց կլուբ։

V

— Մաշա, դուշա մոյա, ասա տեսնեմ, ի՞նչպես ես, քանի ժամանակ է առանց քեզ մենակ էի, — սկսեց նորից Կարլ Մարկիչը, փաթաթվելով յուր ամուսնու վզին, երբ, Պետր Ստեփանիչին ճանապարհ դնելով, վերադարձավ սենյակ։

— Հեռու գնա՛, հեռու գնա՛, շորերիցդ նավթի հոտ է փչում, սիրտս խառնում է, — պատասխանեց Մարիա Իվանովնան, հրելով նրա կրծքին։