Այս էջը սրբագրված է

շատ հարուստ տղերք կցանկանան առաջարկություն անել և այլն, և այլն։

Գիշերից բավական անցել էր։ Կատերինա Կարլովնան հեռացավ յուր սենյակը, Արտեմ Կարլիշն արդեն քնած էր։ Երկու ամուսինները շարունակում էին վիճաբանել։ Վերջապես, Կարլ Մարկիչը, տեսնելով, որ Մարիան համառությոն է անում, դուրս եկավ համբերությունից և ասաց.

— Թե խեղղվիս, Մարիա, ես Կատյային տալիս եմ Սմբատին, էնդուր որ Պետր Ստեփանիչի քեֆին դիպչել չեմ կարող։

Մարիա Իվանովնան կատաղեց, փրփրեց, բայց, վերջը Կարլից մի փափուկ ապտակ ստանալով, հեռացավ, գնաց քնելու վիրավորված սրտով և վշտացած հոգով։

Հետևյալ առավոտ Դոլմազովը կրկին այցելեց Պոպովի ընտանիքն և մի ժամ մնալուց հետո, հեռացավ բոլորովին միամտացած։ Նա կոտրել էր Մարիա Իվանովնայի համառությունը։

Հինգ օր անցած, մի գեղեցիկ երեկո քաղաքի կենտրոնում գտնվող փոքրաշեն եկեղեցում կատարվեց Կատերինա Կարլովնայի և Սմբատի պսակը։ Դոլմազովը յուր խնամատարությունն այնտեղը հասցրեց, որ մինչև անգամ Սմբատի խաչեղբոր պաշտոնն ինքը կատարեց:

XI

Սմբատը շուշեցի աղքատ ծնողների զավակ էր։ Տասներկու տարեկան հասակում նրան տվեցին քաղաքային ուսումնարան։ Երեք տարի մնաց այնտեղ Սմբատն և հազիվ ռուսերեն ու հայերեն գրել ու կարդալը սովորել էր, երբ հայրը դուրս բերեց նրան և հանձնեց մի վաճառականի խանութ։ Բավական ընդունակ և աշխատասեր տղա էր, բնավորությունով համեստ, խաղաղ և իրանից մեծերի խոսքը լսող ու կատարող։ Նա չափազանց հարգում ու