վառարանի մեջ ընկավ մի ուրիշ գիրք, որին հետևեց երրորդը, չորրորդը, թվով մինչև տասը։
— Հիմարներ, ամբողջ ձեր դատարկ կյանքը նվիրել եք այդ թերթերը սևացնելուն, տեսեք կրակը ինչ շուտ է լափում ձեր խելքը․․․ Ի՞նչպես է, լա՞վ է, կռվեցեք իրարու հետ, բայց տեսեք, ես ձեզ ինչպես հաշտեցրի․․․
Բոցը կրկին դադարեց, և մոխիրը ծածկեց կրակի երեսը։ Քամալյանը հեռացավ վառարանից, կանգնեց սեղանի առջև, մտիկ տվավ այրված գրքերի դատարկված տեղին, հետո հայացքը դարձրեց վառարանին և ձեռները բարձրացնելով, մի ուժգին հարված տվավ գլխին։
— Ի՛նչ արի ես, ի՛նչ արի, ի՛նչ արի այդ,— գոռաց նա այնպիսի զորեղ ձայնով, որ հարևան սենյակում քնից զարթնեց նրա տանտիրուհին, պառավ Քեթևանը։
— Այժմ ես նոր մարդ եմ, հա, հա, հա,— կրկնեց Քամալյանը, կատաղաբար ծիծաղելով։ Շեմքի մեջ երևեցավ Քեթևանի սարսափած դեմքը։
Քամալյանը, ինքն էլ չգիտեր թե ինչու, հարձակվեց պառավի վրա և, բռնելով նրա թևերից, ներս քաշեց։
— Ե՛կ այստեղ, ցանցառ պառավ։
Պառավը սարսափած, դողդողալով, մեջքից ծռված, ակամա հետևեց նրան։
— Քանի՞ տարեկան ես։
— Խելքդ դրուստ տիղը չէ, երազ ես տեհի։
— Ասիր տեսնեմ, յոթանասուն տարեկան կենդանի, ի՞նչպես ես ապրել այդքան ժամանակ, հըմ, չե՞ս զզվել կյանքից, հը՛մ, ասի՛ր,— կրկնեց Քամայլանը, բոլոր ուժով թափահարելով պառավին։
— Իծանիրդ․․․
— Սուս, սուս, դուրս եկ, գնա, քունս տանում է, դո՛ւրս։
Նա պառավին հրեց սենյակից դուրս և դուռը փակելով, պառկեց երեսի վրա անկողնում։
— Ի՞նչ եմ անում, ի՛նչ եմ անում,— կրկնում էր նա անդադար։