թողել էր ինքնակամ, անմիջապես կնոջ մահից հետո։ Մարտին Բոլւդանիչը, այդ չլուսավորված հոր լուսավորված զավակն, իր աղջկերանց կրթության համար ոչինչ չէր խնայել։ Նրանք անցել էին գիմնազիական կրթությունն և տնային ուսուցիչների միջոցով սովորել էին երաժշտություն, պար և ֆրանսերեն, մի խոսքով, ինչ որ հարկավոր է ժամանակակից օրիորդներին։ Կնոջ մահից հետո Մարտին Բուղդանիչը յուր փողը վաղօրոք բաժանել էր աղջկերանց իբրև ապագա ամուսնական օժիտ։ Իսկ տունը թողել էր, որ, ինչպես ինքն ասում էր, մեռնելու ժամանակ կնոջ և յուր հիշատակին նվիրի մի բարեգործական նպատակով։ Երբ այս բոլոր մանրամասնություններն իմացա պարզասիրտ Մարտին Բուղդանիչից, զգացի այնուհետև ինձ նրա ընտանիքին ամենամոտ անձ։ Կարծես, կար մի աներևույթ կապ իմ և նրա մեջ։ Ի սեր աստծո, Գևորգ, չկարծես, թե ես րոպե անգամ մտածում եմ օժիտի մասին։ Կրկնում եմ, այն ժամանակ ուրիշ մարդ էի, իսկ այժմ ուրիշ մարդ եմ։ Այն ժամանակ մի փոքր պակաս էր այստեղ, իսկ այստեղ շատ վառ (Արզաս Պետրովիչը ձեռը խփեց նախ ճակատին, հետո ձախ կողքին)։ Ինչևիցե, ես չափազանց ընտելացա Բադամովի ընտանիքին։ Իսկ թե Եվգենյան ինձ ատում էր — դա ինձ համար այս կանթեղի նման պարզ էր։ Այս հանգամանքն ինձ մի փոքր նեղն էր դնում, որովհետև, ինչևիցե, այդ աղջիկը, եթե կամենար, կարող էր խոչընդոտ լինել, բայց մյուս կողմից Լիզայի և Մարտին Բուղդանիչի համակրությունն ինձ խրախուսում էր։ Անտանելի օրեր էին ինձ համար այդ օրերը, Գևորգ։ Ես ինձ կորցրել էի, ոչ մի միտք գլխումս եփել չէի կարողանում։ Գնում էի ծառայության, պաշտոնիս փոխարեն Լիզան էր կանգնած իմ առջև, գնում էի հիվանդի մոտ, հիվանդի փոխարեն Լիզային էի տեսնում իմ դեմ։ Գլխավորիցս մի քանի անգամ հանդիմանություն ստացա, հիվանդներիցս մի քանիսի տերերն ինձ քաղաքավարությամբ մերժեցին։ Իսկ հասարակական գործերը տակահան մոռացել էի։ Ընկերներս ինձ ծաղրում էին, թե ինչպես առաջ տաք-տաք կպա գործին և ինչպես շուտ սառա։ «Որովհետև բոլոր քո եռանդը կեղծ էր»,— ասում էին նրանք։ Բայց ես ուշադրություն չէի դարձնում ոչ ոքի խոսքի վրա և շարունակում էի օրեցօր ավելի ու ավելի թուլանալ։
Էջ:Shirvanzade I hator.djvu/191
Այս էջը սրբագրված է