ոռնալը, թռչունների կչկչոցները, բոլորը, միանալով փոշիալի օդի մեջ, ահաբեկել էին ժողովրդին։
Առաջին վտանգալի րոպեին մարդիկ մոռացան ամեն ինչ, նույնիսկ յուր սրտին ամենամերձավոր արյունակիցներին։ Այդ մահաբեր րոպեն մոռացնել տվեց մորն յուր զավակներին, որոնց համար մի փոքր առաջ պատրաստ էր կյանքը զոհել։ Հանկարծահաս վտանգի բուռն զգացմունքների ճնշման ներքո սեփական անձի փրկության խնդիրը երկրաշարժի րոպեում խավարեցրեց, անհետացրեց ամեն ինչ։
Անցավ առաջին ահարկու րոպեն։ Մարդիկ փրկված են վտանգից։ Ամենքը, փլչող պատերից հեռացած, խռնվում են փողոցներում։ Այստեղ միայն առաջին անգամ յուրաքանչյուրը սկսում է մտաբերել յուր արյունակիցներին։ Կրկին սոսկումը տիրում է ամենքին, և ահա թշվառները գունաթափված, մեռելային դեմքերով, ընդհանուր խառնաշփոթության մեջ չվարված, որոնում են իրարու։
Օդը թնդում է հազարավոր վայվույներով։
— Աղբերս վա՛յ, աղբերս վա՛յ, — բացականչում է մի կողմում մի նազելի աղջիկ, փետտելով գլխի մազերը և մերկ կրծքին բռունցքներ տալով։
Սովորական ամոթխածությունը նրան չի նեղում այդ րոպեին։ Նա մոռացել է յուր ծննդավայրի ավանդությունը, որը չափահաս աղջկան արգելում է օտար տղամարդկանց առաջ բերան բանալն անգամ։
Օրիորդն ուշադրություն չի դարձնում յուր շուրջը, չի քաշվում ոչ ոքից։ Նրա ուշ ու միտքը կենտրոնացած է հողի ու քարերի մի բարձր կույտի վրա։ Այստեղ կենդանի թաղված է նրա թանկագին եղբայրը, որ մի րոպե առաջ նրա հետ խոսում էր, զվարճանում էր կամ գուցե կռվում։ Ձեռներն առաջ տարածելով, նա աղաչում, պաղատում է անցորդներին, որ օգնեն դուրս բերելու եղբորը հողի ու քարերի տակից։ Ո՛չ ոք ուշադրություն չի դարձնում նրա աղերսալի գոռոցների վրա։ Ամենքը զբաղված են իրանց մոտավորների վիճակով․ երևի, ամենքն ունեն մի-մի այդպիսի կենդանի թաղված, անխելքություն է մեկից օգնություն սպասելը։ Տեսնելով,