որ ոչ ոք չի օգնում, աղջիկը հուսահատված ու գրեթե անզգա, շտապում է դեպի կենդանի եղբոր տարօրինակ գերեզմանը։ Յուր քնքուշ մատներով նա աշխատում է բարձրացնել առաջին մեծ քարը։ Քարը չի շարժվում տեղից, շատ ծանր է։ Քնքուշ մատներից հեղում է վարդագույն արյունը, եղունգները փշրտվում են, բայց քարը դարձյալ չի շարժվում։ Անեծք քեզ, անսիրտ քար։
Մի ակնթարթում աղջիկը զգում է, որ կանգնած է եղբոր գերեզմանի վրա։ Զգում է, որ ինքը, փոխանակ թեթևացնելու, ավելի ևս ծանրացնում է այդ գերեզմանը յուր մարմնի կշռով։ Ծայրահեղ սարսափը վերջնականապես ուշաթափ է անում սիրող քրոջը, և նա, մի ճիչ արձակելով, կամենում է հեռու փախչել, բայց ծնկները չեն հնազանդվում, և գնդակահարվածի պես փռվում է հողի ու քարերի կույտի վրա։
— Կնի՜կս, բալաներս, ա՛յ քրիստոնյաներ, ա՛յ ձեր հերը լույս դառնա, ա՛յ, հրես էստեղ է, — բացականչում է մի ուրիշ կողմից մի տղամարդ, ցույց տալով մի մեծ գերան, որի տակից երևում է նրա կնոջ գլուխը։
Դժվար է նկարագրել այդ կնոջ դեմքը։ Նրա վրա ամեն ինչ այլանդակվել է։ Ծանրակշիռ գերանը, որ հորիզոնաձև ընկած է նրա վրա, այնքան ճնշում է, որ քթի ծակերից թափվող արյունը տեղ չի գտնում հոսալու։ Մի քիչ նրանից հեռու երևում են երկու մանկական գլուխներ և չորս ձեռիկներ, իրարու գրկած։ Ձեռիկներից մեկում սեղմված է մի փոքրիկ խնձոր, մյուսում մի գույնզգույն տիկնիկ։
Ողորմելի՛ ամուսին, տարաբա՛խտ հայր։ Նա, կարծես, խելագարվել է, ուժ է անում գերանի ծայրը բարձրացնելու, սակայն անզոր է, գերանը անշարժ է։ Կինը ծանր բեռան տակից արձակում է հազիվ լսելի տնքոցներ։ Ամուսինը կուրծքը գերանին դեմ տված անդադար ուժ է անում։ Զո՛ւր։
Այսպես շարունակվում է, մինչև որ մի քանի հարևաններ, կանխապես հավաստիանալով իրանց արյունակիցների ապահովության մասին, շտապում են օգնելու թշվառ հարևանին։
Հարյուրավոր այսպիսի տեսարանների բեմ էր ներկայացնում Շամախին նույն ժամին, երբ երկրաշարժ ասված աղետալի երևույթը