— Բաս մե՞րդ, Մարիամ բաջի՞դ, սաղ սալամա՞թ են, — հարցրեց Հայրապետը։
— Չիմ, չիմ սաղ սալամաթ են։ Մարիամ բաջին ինձ ասեց, որ վազ տամ ու ձեզանից խաբար իմանամ։ Շուտ հասեք, նրանք նիգարան են, դրսում հավաքված լաց են լինում։
Փողոցում նրանք հանդիպեցին Գյուլնազին և Մարիամ բաջուն։ Մաբիամ բաջին, տեսնելով յուր ամուսնուն կենդանի է անվնաս, չկարողացավ զսպել յուր ուրախությունը։ Նա վազեց առաջ և ուզում էև փաթաթվել Հայրապետի վզովը, բայց հանկարծ մտաբերեց, որ փողոցումն է և ետ քաշվեց։ Իսկ ամոթխած Գյուլնազը ուրախության արտաքին ոչինչ նշան չցույց տվավ։
— Սաղ սալամաթ են, — խոսեց վերջապես Մարիամ բաջին, — Սեյրանս ու Սուսանս ազատվեցին, օղորմի մեր հարևանների մեռելներին, նրանք մեզ ձեռք հասցրին, հանեցինք հողի տակից։
— Փառք աստուծո, փառք աստուծո, — ասացին միաբերան Բարխուդարն ու Հայրապետը, իրանց երեսների քրտինքը սրբելով։
— Ամատունս քանդվեց, Մարիամ ջան, զրընգ-զրընգ կուժ ու կուլաս փշրվեցին։ Ու՛ֆ, հենց կասես ոսկորներս էին փշրվում, հավատաս, մի հատ էլ սաղ չի մնացել։ Պիտի վազ տամ, տեսնեմ։
— Փիեե՜, զահլա տարիր հո, — հանդիմանեց Բարխուդարը յուր հարևանին, — ինչ անշնորհակալ մարդ ես, մին երեսիդ խաչահանիր, որ մենք ամեններս սաղ սալամաթ ազատվել ենք։
Այս ասելով, Բարխուդարը մյուսների հետ շտապեց ներս։
Երկու հարևաններից ոչ մեկի տունը չէր քանդվել, միայն բակի կողմից ցած պարիսպը փլատակվել էր կիսով չափ։ Նույնպես մի քանի տեղերից ճաքճքվել էր փողոցի պարիսպը։ Այս կողմից երկու հարևանները համեմատաբար բախտավոր էին, քան մյուս հարևանները, որոնցից շատերի տները կատարյալ ավերակ էին դարձել։
Բարխուդարը և Հայրապետը, տեղեկանալով Սուսանի և Սեյրանի մասին, շտապեցին իրանց ազգականների ու բարեկամների մոտ` «հալ օվհալ» իմանալու։
Մի երկու ժամից հետո վերադարձան և հայտնեցին, թե փառք