— Ես եմ սուտ ասո՞ւմ, եեեե՞ս, եեեե՞ս, — բարկացավ Սուսանը, գլուխը բարձրացնելով և ձեռներով ճակատի վրա թափած գանգուր մազերը հետ դարսելով։ — Բաս չե՞ս իմանում, որ տափի տակին կարմիր կով կա։ Չե՞ս իմանում, որ երբ որ մարդիկ կարմիր կովին շատ են կթում, էլ նրա պստիկ բալի համար կաթ չեն թողնում, կովը հրսոտվում է մեզ վրա։ Չե՞ս իմանում, որ պոզերով տափը ժաժ է տալիս ու մեզ էլ տակովն է անում էսօրվա պես։ Հը՞մ, հը՞մ, չե՞ս իմանում։
— Քեզանից էլ լավ եմ իմանում, ինչպես չեմ իմանում, ամա դու էլի սո՛ւտ ես ասում, ինչու որ նրան հողի տակը իսկի չես տեսել։
— Սուտը դու ես, որ չես հավատում։ Սուտ, սուտ, սուո՛ւտ։
— Ուտես հավի կո՛ւտ, հը՛ը, դեհ, լա՞վ էր, — բարկացավ Սուսանը և կարմրեց։
— Հա՛ հա՛ հա՛, — կչկչաց Սեյրանը։
— Ծիծաղիր, ծիծաղիր, անհավատ, հարցու հայրիկից։
— էլի ի՞նչ կա, ինչո՞ւ համար եք կռիվ անում, — մեջ մտավ Բարխուդարը, վերջապես չիբուխը հանելով բերանից և կշտին դնելով։
— Սեյրանը չի հավատում, որ տափի տակին կարմիր կով կա։
— Սուտ է ասում Սուսանը, ես հավատում եմ, — արդարացավ Սեյրանը։
— Հա, կա, բալաներս, բաս որ չլիներ, էսօր տափը ժաժ կգա՛ր, — ասաց Բարխուդարը, քաղցրությամբ շոյելով Սուսանի մազերը և համբուրելով նրա ճակատը։
— Ո՛վ էր հրսոտացրել կարմիր կովին, որ մեզ հողի տակ թողեց, — հարցրեց Սեյրանը։
— Զեզ պես չար ու կռվարար երեխերքը։
— Մենք ի՞նչ ենք արել, որ ասում ես։
— Էլ ի՞նչ պիտի անեք, մեր խոսքը չեք լսում, մեր ասածը չեք կատարում, չարություններ եք անում, երեխաների հետ կռիվ եք անում ամեն օր, այ ինչ եք անում:
— Ես իսկի կռիվ չեմ անում, — հակառակեց Սուսանը։
— Ես Սուսանին էնքան եմ սիրում, էնքան եմ սիրում, որ