չեմ ուզում ինձանից հեռանա, ինչո՞ւ պիտի կռիվ անենք, — ավելացրեց Սեյրանը։
— Շատ լավ եք անում, շատ լավ եք անում, բալաներս, ուրիշ երեխաների հետ էլ էդպես սիրով վարվեցեք, նրանց հետ էլ կռիվ մի անեք։
— Իրանք են մեր հետ կռիվ անում, մենք իսկի կռիվ չենք անում, — պատասխանեցին միաբերան մանուկները։
— Մեզ փախըլություն են անում նրանք, — շարունակեց Սեյրանը, — հենց տեսնում են, որ ես ու Սուսանը մի տեղ խաղ ենք անում, թափվում են մեզ վրա, ծիծաղում են, մեր աչքերին հող են ածում, մեզ «հըռհըռ» են կանչում։ Մենք էլ հրսոտվում ենք նրանց վրա ու կռիվ անում։ Այ, էն օրը Թափտուղանց Ջհանգիրը ուզում էր Սուսանի մազերից քաշի, ամա հենց որ ես մոտեցա, մի սիլլա տվի, մի սիլլա տվի, որ մի բաշ փախավ իրանց տուն։
— Ի՞նչ էիր խոսում, Սուսի ջան, Սեյրանի հետ հողի տակ, — հարցրեց Հայրապետը, վերջապես, ընդհատելով յուր տերողորմյայի չխկչխկոցը։
— Ի՞նչ էր խոսում, հա, չէ, չէ, չեմ իմանում․ միտս չի, Սեյրանը կասի։
— Խոսում չէինք, լաց էինք իլում, — մեջ մտավ Սեյրանը։
— Հերիք է, Սեյրան, քիչ խոսիր, այ տղա, գլուխդ կցավի, — շշնջաց Մարիամ բաջին, մոտենալով յուր որդուն։
Հետո նա շալը բերանին պահած, մոտեցավ յուր ամուսնուն և ցած ձայնով ավելացրեց․
— Այ մարդ, երեխիս մի թողնիր, որ հողի տակ մնալը միտը գցի, ախար կզարզանդի ու հետո կհիվանդանա։
— Քո բանը չի, թող ինչքան ուզում է` խոսի, սիրտը կպինդանա, մին էլ, որ կմեծանա, կմոռանա, — ասաց Հայրապետը։ — Ասա, բալաս, ի՞նչպես մնացիր հողի տակ, ի՞նչ էիք խոսում։
Սեյրանը, կարծես, հենց մի այդպիսի առիթ էր որոնում։ Նա գլուխը բարձրացրեց, ծալապատիկ նստեց անկողնի մեջ և այսպես սկսեց․
— Սուսանը տիկին — տիկին էր խաղում Սուսամբարի, Թագուհու, Զազառի, Սապանի, Խաթայի, Նուրջիի ու Հուռուսիկի հետ,