Երկու հարևանները շարունակում էին իրանց բարեկամությունը։ Նախկին դրացության համակրության վրա ավելացել էր խնամությունը։ Գյուլնազը և Մարիամ բաջին խնամիներ էին և կատարում էին մի առանձին եռանդով այն բոլոր պարտականությունները, որ պահանջում էր քաղաքի ավանդությունը։
Կտեսնեիր, որ բարեկենդան օր է, առավոտը կանուխ, դեռ թեյ չխմած, ահա Մարիամ բաջին, ցրտից սրթսրթալով, ներս մտավ, ձեռքում ափսե իրարու վրա դրած։ Ափսեների մեջ խնամքով դարսած են ղութաբներ և բիշիներ2։ Մարիամ բաջին վազեվազ բերել է, որ նրա «աչքի լույս Սուսանը տաք — տաք ուտի»։
Զատկի առավոտ է, մեկ էլ տեսնես Գյուլնազը շալի ծայրում փաթաթած տասը քսան խաշած կարմիր ձվեր վազեցնում է Հայրապետանց տուն։
— Առ, բալաս, տա՛ր, էսօր կռվացրու էս ձվերը, բախտդ փորձիր, — ասում էր նա, ձվերը տալով Սեյրանին և մի քանի համբույրներ դրոշմելով նրա թշերին։
Դեռ երկրաշարժից մի տարի չանցած Հայրապետը Բարխուդարի խորհրդով Սեյրանին տվել էր Սարգիս վարպետի ուսումնարան, ուր նույնպես սովորում էր Բարխուդարի որդի Սմբատը։
— Թող սև ու սպիտակը ջոկել սովորի, մեզ նման մարդը ինչի է հարկավոր, — ասում էր Բարխուդարը։
Սեյրանը առաջին տարին մի այնպիսի ընդունակություն ցույց տվավ, որ Սարգիս վարպետի ուշադրությունը գրավեց։ Մի տարվա ընթացքում նա անցավ այբուբենի տետրը, Սաղմոսը, բայց երբ երկրորդ տարում հասավ Ավետարանին — սկսեց փոքր առ փոքր ծուլանալ։ Նա օրեցօր զզվեց Սարգիս վարպետի ուսումնարանից։ Շատ աշխատեց Սարգիս վարպետը յուր ընդունակ աշակերտին ազատելու ծուլության ախտից, շատ անգամ դիմեց այս նպատակով սովորական միջոցին — ֆալախկային։ Բայց ոչինչ չօգնեց։ Սեյրանր քանի գնում, այնքան ծուլանում էր։ Նա շատ ժամանակ, տանը Մարիամ բաջուն խաբելով, թե ուսումնարան է գնում, գրքերը թաքցնում էր բակում, հողի տակ, իսկ ինքը վազում փողոց ընկերակիցների հետ խաղալու։