— Հա՛, շատ սատանան է։
— Սուտ է, ես չեմ հավատում։
— Չէ, Սեյրան, էլ մի՛ գար ինձ մոտ։
— Չեմ կարող, սիրտս կճաքի, Մի՞թե չես խղճում ինձ։
Սուսանը, պատասխանի փոխարեն, մի խորը հառաչանք արձակեց կրծքից։
— Քանի որ ուսումնարանում էի, այնտեղ էի տանջվում, — շարունակեց Սեյրանը։ — Վարժապետի ասածները գլուխս չէին մտնում, ամեն օր դուրս էի փախչում, որ քեզ տեսնեմ։ Հիմա էլ հորդ դուքանումն է սիրտս ճաքում։ Շատ ժամանակ, որ միտս ես ընկնում, շըշկլվում եմ ու մեկ էլ տեսնես ասեղը մատս մտավ։ Հայրդ էլ, հո աստված ազատի, նրա մոտ մի սխալ չի կարելի անել, այնքան է թակում, որ կարծես մարդու հոգին ուզում է քթի ծակով հանել։
— Քեզ է՞լ է թակում։
— Հենց ինձ ու մեկ էլ եղբորդ։ Ասում է, ես ձեզ շատ եմ թակում, որ մյուսները տեսնեն և իմանան, թե իրանց էլ սիրելուց եմ թակում։ Սուսան, մեջքումս ողջ տեղ չի մնացել, կապույտ-կապույտ զոլեր են կոխել։ Նեղացել եմ, Սուսան, ուզում եմ դուրս գամ հորդ մոտից, բայց վախենում եմ, որ դուրս գալով, քեզանից զրկվեմ։ Ախ, երբ պիտի վերջանա մեր բանը։
— Բարեկենդանից առաջ չի կարող գլուխ գալ։
— Ի՞նչ ես ասում։ Ութ ամիս պիտի սպասե՞մ։
— Ճար չկա, հայրս փող չունի, փող է հավաքում հարսանիքիս համար։
Սուսանը կրկին հաոաչեց։
— Ինչո՞ւ չես ծիծաղում, Սուսան։
— Մարդու սիրտը պիտի ուրախ քինի, որ երեսն էլ ծիծաղի։
Մի քանի վայրկյան տիրեց լռություն։
— Մի՞տդ է, Սուսան, մեր երեխայությունը, — հարցրեց հանկարծ Սեյրանը։
— Ինչպես այն լուսինը։ Տես, սիրտս ինչպես թրթռում է մորթած ծտի պես, դա ինչի՞ցն է։
Սուսանը, այս ասելով, բռնեց Սեյրանի ձեռը և դրավ յուր