ձախ կողքին։ Նրա սիրտը բաբախում էր։ Սեյրանը, մի ձեռը դրած նրա կողքին, մյուսը զգուշությամբ բարձրացրեց և սկսեց քնքշությամբ շոյել նրա գանգուր մազերը։ Եթե Սուսանը նույնպես յուր ձեռքը դներ Սեյրանի ձախ կողքին, կարող էր զգալ, ինչպես է բաբախում վերջինի սիրտը։ Անցան մի քանի վայրկյաններ, նրանք լուռ էին։ Սուսանը չէր նայում Սեյրանի երեսին, բայց վերջինը նայում էր։ Օրիորդի ձեռները պատանու ուսերի վրա դողում էին։ Դուրեկան և քաղցր էր նրա համար այս դողը։ Մի ինչ-որ կախարդական հեղուկ տարածվելով նրանց երակների մեջ, ախորժելի զգացմունքներ էր պատճառում։ Իսկ մի դյութիչ զորություն այդ րոպեին կաշկանդել էր նրանց լեզուները։ Սակայն լուռ էին լեզուները, իսկ սաստիկ բաբախող սրտերը նույն միջոցին ինչ որ գաղտնիք էին հաղորդում իրարու։
Անցավ մի քաղցր րոպե, մի րոպե, որ պարունակում էր յուր մեջ երկու պատանիների գոյության խորհուրդը։ Հանկարծ Սուսանը ձեռնեռը քաշեց Սեյրանի ուսից։
— Վայ, վարսս կտրվի, ի՞նչ եմ անում։
— Ի՞նչ պատահեց, Սուսան, — հարցրեց Սեյրանը, շփոթվելով։
— Գնա՛, հեռացիր, հերիք է։
Սուսանը կամեցավ փախչել, բայց Սեյրանը բռնեց նրա թևից և չթողեց շարժվելու։
— Բաց թող, եթե ինձ սիրում ես, մայրս դուրս կգա, — հակառակեց Սուսանը, աշխատելով ազատել յուր թևը Սեյրանի ձեռքից։
— Մոտեցիր ականջիդ մի խոսք ասեմ, հետո փախիր։ Սուսանը կամա-ակամա հնազանդվեց նրան։ Սեյրանը, թեքելով նրա գլուխը դեպի յուր կուրծքը, մի ջերմ համբույր դրոշմեց նրա թավշամորթ այտերից մեկին։
— էգուց գիշեր էլ այս ժամանակ դրսում սպասիր, — ասաց նա շունչը կտրած և բաց թողեց Սուսանին։
— Այդ ինչ արիր, Սեյրան, — շշնջաց Սուսանը, անգիտակցաբար արխալուղի թևով սրբելով համբույրի տեղը։
Բայց Սեյրանն արդեն հեռացել էր։