— Բաս ես եմ ծնե՞լ էն լակոտին, հըմ, ես եմ ծնե՞լ։
— Ծնողը ի՞նչ հող ածի գլխին։
— Սև հող։ Մեղավորը դու չես, բաս ո՞վ է։ Դու չե՛ս, որ նրա հետ աղաչանք-պաղատանքով ես խոսում, դու չե՛ս, որ փայտը ձեռս վերցնելիս, գլխապատառ մեջտեղ ես մտնում, որ ես էն, էն շնին չի խրատեմ։ Հըմ, գնա՛, դեհ հիմա սաղ քաղաքում խայտառակվիր, ըըը՛ ես քո էդ, էդ, էդ, մեղա քեզ, տեր ամենակարո՛ղ, հը՞մ, ասա, տեսնեմ, ինչո՞ւ ես ծնել։
Հայրապետը, վերջին հարցը կրկնելով, ուսերը վեր քաշեց, մոտեցավ Մարիամ բաջուն, բռնեց նրա թիկունքից և սկսեց թափահարել, անդադար կրկնելով․ «ինչո՞ւ ես ծնել»։
— Խաթի բալի մեջ չընկա՞նք։ Այ մարդ, ֆիքր արա, տես ինչե՞ր ես դուրս տալիս, խելքդ ո՞րտեղ ես թողել։
— Խելքս փափախիս տակն է։ Մին էլ եմ հարցնում, ախար ինչո՞ւ ծնեցիր, հըմ, ինչո՞ւ, որ էսօրվա՛ օրը ինձ Բարխուդարի մոտ սև երես թողնի՞, հաա՞, այ ես քո էն․․․ տե՛եեր աստված։
Մարիամ բաջին, տեսնելով, որ յուր ամուսինը շատ է երկարացնում, երեսը շուռ տվավ ու դուրս եկավ։ Հայրապետը մինչև երեկո այս կողմ այն կողմ շուռ տվավ, դես վազեց, դեն վազեց, մինչև որ իրիկնադեմին Սեյրանը եկավ տուն ։
Առանց մի խոսք ասելու, առանց որևէ հարց ու փորձի, Հայրապետը մի մեծ կոպալ խլեց, որ հարձակվի յուր որդու վրա։ Վերջինը հենց սկզբից հասկացավ շարժողության պատճառը, փախավ դուրս, և ամբողջ օրն ու գիշեր չվերադարձավ տուն։ Բայց և այնպես նա չազատվեց պատժից։ Հայրապետը մյուս օրը երեկոյան բռնեց Սեյրանին և այնքան ծեծեց, որ ինքը հոգնեց, իսկ ծեծվողը ուշաթափվեց։
Սուսանի հետ տեսնվելուց հետո Սեյրանը այլևս դադարել էր հաճախել Բարխուդարի խանութը։ Նա վախենում էր, բայց որ ամենագլխավորն է, ամաչում էր երևալ ահարկու «ուստայի» աչքին։ Առավոտը նա դուրս էր գալիս տնից, վերադառնամ էր երեկոյան։ Հայրապետը ամեն օր շարունակում էր գործածել խրատելու սովորական