Այս էջը սրբագրված է

— ասաց Սեյրանը, փայտը դնելով պատի տակ, որ չուխան հագնի։

— Թափվել են ինձ վրա, ուզում են, որ սպանեն, բաս ես սուս անե՞մ։

— Ախար, այ մեռած, քեզ ի՞նչ ունես շառլատանների հետ, քեզ ո՞վ է ասում, որ նրանց հետ խառնվես։

— Քիչ խոսիր, մի քիչ ջուր բեր, որ գլխիս արյունը լվանամ։

Մինչև այդ ժամանակ Մարիամ բաջին չգիտեր, թե Սեյրանի գլուխը վիրավորվել է փայտով։ Տեսնելով նրա ճակատից հոսող արյունը, քիչ մնաց ուշաթափվեր։

— էս օրվա օրը ո՛չ լուսանար մորդ համար, Սեյրան տղա, ախար նոխուդը զուր չէր թարս նշան տալիս, — գոչեց նա և վազեց խոհանոց ջուր բերելու։

X

Երեկո էր։ Մարիամ բաջին վշտացած հոգով ընթրիքի պատրաստություն էր տեսնում։ Հայրապետը դեռ խանութից չէր եկել։

Սեյրանը, գլուխը կարմիր թաշկինակով կապած, առանց չուխայի, սպիտակ չթից կարած բարակ արխալուղով նստած էր փողոցում, իրանց դռների առջև։ Սմբատը և մի քանի ուրիշ հարևան երիտասարդներ նրան շրջապատած խոսում էին ցերեկվա անցքի մասին։ Սեյրանի դեմքը տխուր էր, աչքերը գետնին հառած։ Նա խոսակցությանը չէր մասնակցում։

— Ախար, աա՛դա, մին ասեք տեսնենք էդ ղալմաղալը ի՞նչի համար էր, — հարցնում էր մի մոտ քսան ու երկու տարեկան երիտասարդ։

Դա հագած էր կարճլիկ արխալուղ, որի վրայից կապած էր լայն արծաթյա գոտի, սև մահուդյա չերքեսկա բուզմաներով և վազմաններով, մի փոքր սովորականից լայն վարտիք և երկայն կտուցներով մաշիկներ։ Նա գլխին դրած էր կոլորակ մեխակագույն բուխարու գդակ։ Երիտասարդի բեղերը սրած էին և ծայրերը մկան պոչի պես բարակացրած։ Բայց նա, այսուամենայնիվ, չէր դադարում էլի մատերի ծայրերով նրանց ոլորելու։

— Ես ինքս հենց էնտեղ էի էլի, աչքիս առաջ ընկավ կռիվը, — պատասխանեց Սեյրանի փոխարեն մի ուրիշը։