— Մենք խոսեցինք մեր բարեկամության ու մեկ էլ Սուսանիս ու Սեյրանի մասին։ Մի՞տդ է։
— Աֆարիմ, Բարխուդար, ութ-իննը տարի է անցել, աֆարիմ, որ էդպիսի միտք ունիս։
— Ես, Հայրապետ, էն երեկո խոսք տվի, որ եթե աղջիկս մեծանա — տղիդ տամ, — շարունակեց Բարխուդարը հանդիսավոր կերպով և ամեն մի բառ առանձին շեշտելով։ -էն օրվանից անցել է իննը տարի. հիմա, աստված պահի, տղադ մեծացել է, իմ աղջիկն էլ չափահաս է դառել։ Ուրեմն թե իմ աղջկան, թե քո տղիդ պսակվելու վախտն է։ Լավ։ Ինչպես դու էլ ճանաչում ես, Հայրապետ, ես խոսքիս տերն եմ, թքածս լզողը չեմ։
— Իսկի դրան խոսք կա՞, ինձանից հարցրու քո բնությունը։
— էդ պատճառով էլ մի ամիս սրանից առաջ միտք էի անում, որ մի օր քեզ կանչեմ, խորհուրդ անենք, որ էդ բանը վերջացնենք։
— Ես էլ եմ ֆիքր արել, Բարխուդար...
— Կաց, խոսքս մի կտրիլ, ասելու բաներ շատ ունիմ, — ընդմիջեց Բարխուդարը յուր սովորական հրամայող ձայնով։
— Ե՛ս մեղա աստուծո, հրամայիր, — ասաց Հայրապետը, ձեռը դնելով շրթունքների վրա ի նշան խոնարհ լռության։
— Հայրապետ, տղադ, էն Սեյրան լակոտը, մի բան բռնեց, մի ղալաթ արավ, որ հիմա, միտս ընկնելիս արյունս խառնվում է, գլուխս շուռ է տալիս, աչքերս մթնում են։ Ուզում եմ, որ դանակը վերցնեմ, նրան էլ, աղջկաս էլ էնպես կոտորեմ, որ մեծ թիքաները ականջները մնան, բայց...
— Արժեն, արժեն, իմ արևը, արժեն։
— Մի ամսից ավելի է, որ է՛ս բանը պատահել է, էլի դադար չունիմ։ Հեշտ բան չիմանաս, Հայրապետ, քանի որ երեխաներ էին, ես ինքս էլ ուրախ էի, որ իրարու սիրում էին, չունքի էն ժամանակը չէին հասկանում։ Բայց հիմա, Հայրապետ, չափահաս են, խելք ունին, պիտի հասկանան, որ իրանց արածը խայտառակություն է, բենամուսություն է։
— էլ տանս ճոխ չմնաց բյադզաթի մեջքին փշրած չլինեմ, որ չի փոխվում, ի՞նչ անեմ։
— Լսի՛ր, Հայրապետ, թող խոսքս վերջացնեմ։ Ի՞նչ էի ասում,