նրանց երեսին` ջիգերս է կտրատվում, սիրտս է մղկտում,ախր չէ որ նրանց ցավերի պատճառը ես եմ։ Չէ, Սեյրան, ինչ ուզում ես արա, բայց ես չեմ կարող նրանց այս հալումը թողնել ու քեզ հետ գալ, ինչ է, որ ես պիտի ուրախ ապրեմ։ Թող ես չարչարվեմ, մեռնեմ, միայն թե ծնողներիս չսպանեմ։
Սուսանն ամբողջ ժամանակ խոսում էր թույլ, հանդարտ, բայց դողդոջուն ձայնով։ Նրա շարժվածքի, արտասանության մեջ երևում էր ներքին դառն հոգեկան տառապանք։ Երբ նա կանգ առավ, Սեյրանը յուր ձեռքն հեռացրեց նրանից, թեքեց գլուխը կրծքին և վշտալի ու հուսահատական եղանակով արտասանեց.
— Կորավ Սեյրանը, փչացավ, էլ ի՞նչ օրվա համար է ապրում, որ Սուսանը նրան չի սիրում։
— Սուսանր Սեյրանին չի՞ սիրում։ Մտիկ տուր, Սեյրան, Սուսանի երեսին, մտիկ տուր ու հետո ասա։ Տե՛ս, Սուսանը ի՛նչ օրն է ընկել ու մտածիր, ում պատճառով։
— Դու քո հոր նամուսը ինձանից շատ ես սիրում։ Ես այդպես չէի իմանում, ես կարծում էի, որ քո աչքում այս աշխարհում Սեյրանից թանկ բան չկա, բայց, ինչպես տեսնում եմ, խաբված եմ եղել։
— Ես քեզ ամենը ասացի, Սեյրան, դու ինձ չես հավատում։ Վնաս չունի, իմ մահը քեզ մի օր կհավատացնի։
— Ինչո՞ւ ես մեռնում, ապրի՛ր, փառք աստուծո, ի՞նչ կա, լսել եմ, որ քեզ համար նոր նշանած են ճարել և շուտով պիտի պսակեն, — ասաց Սեյրանը դառն հեգնությամբ։
— Ճշմարիտ է, բայց ոչ թե մենք ենք ճարել, ինքն է ճարվել։ Ես չեմ էլ ճանաչում նա ով է, ի՛նչ մարդ է, բայց ես գլուխս քաշ արած պիտի նրան գնամ, պիտի ծնողներիս կամքին հնազանդվեմ։
— Պիտի գնամ, պիտի հնազանդվեմ, — կարողացավ միայն կրկնել Սեյրանը։
— Հա՛, Սեյրան, ես պիտի անպատճառ պսակվեմ։ Դու գիտե՞ս, որ մեր անզգուշությունը սաղ քաղաքում խայտառակել է իմ անունը։
— Դրանով ի՞նչ ես ուզում ասել։