Այս էջը սրբագրված է

XIII

Վիրավորված սրտով, փշրված հույսերով Սեյրանը բաժանվելով Սուսանից, տուն չվերադարձավ։ Նա դժվարությամբ բարձրացավ պարսպի վրա, ցած իջավ սանդուղքով դեպի իրանց բակը, սանդուղքը կրկին դրեց յուր առաջվա տեղը, դուրս եկավ փողոց։ Գիշերից բավական անցել էր, փողոցներում ոչ ոք չէր երևում ։ Սեյրանը քայլերն ուղղեց դեպի ներքին փողոցը։ Նա գնում էր գլխակոր, թույլ ու անհաստատ քայլերով, անգիտակցաբար, առանց ինքն իրան հարցնելու, թե ո՛ւր է գնում և ինչո՛ւ է գնում։ Ուրեմն այդպես, Սուսանին նրա ձեռից խլում են և տալիս են Քյոչարանց Ռուստամին, այն «սև երես», «այբեժառ», «սատանայի կերպարանք ունեցող» Ռուստամին։ Իսկ Սուսա՞նը։ Նա էլ հոժար է գնալու, նա վախենում է Սեյրանի հետ փախչելուց։ Դատարկ բան է, նա սուտ է ասում, թե յուր ծնողների նամուսն է պահում։ Ո՛չ, նա չի սիրում Սեյրանին, չի սիրում․ եթե սիրեր, ուրախությամբ ձեռը կտար նրան և կասեր․ «ա՛ռ, տար ինձ, Սեյրան, ուր որ ուզում ես, ես քոնն եմ, ես ոչ ոքից չեմ վախենում»։ Քի՛չ են պատահել այդպիսի բաներ, քիչ է պատահել, որ տղան աղջկան փախցնի նրա ծնողներից։ Քարասիրտ աղջիկ, դու հոգի չունիս, սիրտ չունիս, չես իմանում, թե Սեյրանը ինչքան է չարչարվում քեզ համար։ Չէ՛, եթե դու իմանայիր, այդպիսի պատասխան չէիր տալ։ Դու կընկնեիր Սեյրանի գիրկը, լաց կլինեիր, արտասուքով կողողեիր նրա ձեռները, կաղաչեիր, կպաղատեիր, որ քեզ ազատի քո հոր ճանկերից։ Ախ, Սուսան, Սուսան, այս ի՛նչ օրի հասցրիր Սեյրանին․ ուրեմն դու մոռացա՞ր այն գիշերվա խոսքերդ․ «Սեյրան, ես քեզ սիրում եմ և հավիտյան չեմ մոռանալ»։ Որտե՞ղ մնաց քո այդ սերը, հիմա ինչո՞ւ Սեյրանի վիզը կտրեցիր և գիշերվա կիսին գցեցիր փողոցները։ — Ո՞ւր եմ գնում և ինչո՞ւ, խելքս կարծես տեղը չի, — արտասանեց հանկարծ Սեյրանը, ընդհատելով յուր մտածմունքները։ Նա փողոցի մեջտեղում կանգ առավ և նայեց յուր չորս կողմը։ Ոչ ոք և ոչինչ չկար, բացի գիշերային խավարից։ Մի քանի