է նա այդչափ անգութ վարվում յուր ամուսնու հետ, որին պիտի իսկապես ուրիշ կանանց պես հպատակվի, նա պատասխանում էր․
— Հինչ անամ, ա քյուր, ա մեր, գիշեր ցերեկ լակըմ ա, աշխատածը գինի-արաղի յա տամ, տուն մին կոպեկ չի պերըմ։ Ես ալ բախտավար ախր կնիկ ամ, տուն ու տեղ ունամ, իմ աշխատածս ալ հերիք չի անըմ։
Նշանավոր դեր էր կատարում Շըպպանիկը քաղաքում։ Նա հայտնի էր ամենքին, ծերունիներից սկսած մինչև ամենափոքր մանուկները։ Առանց հարցնելու, համարձակորեն նա մտնում էր ամեն տուն, ամեն ընտանիք և, պիտի ասած, ոչ ոք, ծանոթ թե անծանոթ, նրան չէր արգելում։
Շըպպանիկը, ինչպես քաղաքի մեջ ամենահայտնի «զարանգիզի» (միջնորդ), ամենքին հարկավոր էր, և ամենքի համար որևէ բանով նա պիտանի էր։ Մեկը տղա ունի նշանելու, մյուսը հասած աղջիկ, փեսացու է որոնում, երրորդը հարսանիք ունի, կանայք պիտի հրավիրի, չորրորդը կնունք ու հինգերորդը մեռելատեր է։ Թե՛ ուրախության, թե՛ տխրության դեպքում Շըպպանիկը հարկավոր մարդ է։ Ինքը Շըպպանիկը ամենից ավելի էր զգում յուր կարևորությունը և միշտ աշխատում էր, որ ուրիշներին ևս հասկացներ յուր արժանավորությունը։ Նա ամենքի հետ անխտիր վարվում էր համարձակ, ոչ ոքից չէր վախենում, չէր ամաչում, ոչ ոքի առաջ չէր լռում։ Իսկ եթե պատահում էր, որ վախենում էր, ամաչում էր կամ լռում էր, խորամանկությամբ էր անում այդ և անշուշտ, ոչ առանց նպատակի։
Բայց շատերն էին վախենում Շըպպանիկից, մանավանդ այնպիսիները, որոնք տանը չափահաս օրիորդներ ունեին։ Այդպիսիների աչքում Շըպպանիկը կարծես մի տեսակ չաստվածուհի էր, որի գերբնական ուժը կարող էր յուր կամքի համեմատ ստորացնել կամ բարձրացնել քաղաքի աչքում աղջկերանց անունը։ Եթե Շըպպանիկն ուզում էր մի աղջկա վարկը վայր գցել քաղաքում, նրա համար շատ դժվար չէր այդ անելու, թեկուզ աղջիկը լիներ անմեղ, անարատ։
«Ես նրան մին մատ արախութունան ամ ճընանչըմ, կապը