արդեն վաղուց քնած էին։ Փողոցներում տիրում էր լռություն, որ ընդհատվում էր գիշերային պահապանների քնաթաթախ ձայներով։ Այդ Ժամանակ քաղաքի կենտրոնում գտնվող գինետներից մեկում հավաքված էր երիտասարդական մի խումբ։ Սրանք, թվով մինչև ութ հոգի, մի կիսամաշ և կեղտոտ սեղանի շուրջը նստած «քեֆ էին անում», այսինքն արաղ ու գինի էին խմում և խորոված ուտում։ Տիրում էր մի այնպիսի խառնաշփոթ և խլացուցիչ աղմուկ, որ, կարծես, այստեղ մի ահագին բազմություն կար։ Մեկը, բուխարու գդակը բերանին պահած, երգում էր ինչ-որ պարսկական երգ։ Մյուսը երկու ձեռներով խփում էր սեղանին և բերանով շվացնում, իբրև թե երգեցողի հետ ներդաշնակություն պահելով։ Երրորդը կարմրած դեմքով, վառված աչքերով, գինով լի բաժակը ձեռին, ոտքի կանգնած, գոռում էր ինչքան ձայնում ուժ կար, ինչ-որ «կենաց» առաջարկելով։ Մի ուրիշը տաքացած վիճաբանում էր յուր մոտը նստած ընկերոջ հետ այնպիսի ձայնով, որ, կարծես, խոսակիցը կես վերստ հեռու լիներ։
Այս բոլոր խառնաշփոթ, անճոռնի և այլանդակ ձայները միանալով ծխախոտի և խորովածի թանձր ծխով և ըմպելիքների շոգով տոգորված խոնավ մթնոլորտի մեջ, անախորժ ազդեցություն էին անում մարդու վրա։ Իսկ միջահասակ, հաստափոր, աչքերը ճարպ կոխած գինեվաճառը մի առանձին զորություն էր տալիս այդ աղմուկին։ Կեղտոտ գոգնոցը փորին կապած, նա գինետան մի անկյունում խորովածի շամփուրները պտտեցնում էր ճզվըզող կրակի վրա և հաստ ու խռպոտ ձայնով անդադար գոռում․ «փահ, փա՛հ, ի՛նչ քյաբաբ ա, քեֆ արեք, մեռնեմ ձեզ պես ջահի՛լների դամաղին, հափ-հափ, ադա, հուռռա՜։ Եվ գինեվաճառի զորեղ ձայնը, սրընթաց անցնելով գինետան կամարաձև առաստաղի տակով, ճնշում էր մյուս ձայները։
Այս ընդհանուր խառնաշփոթությանը չէր մասնակցում միայն մի երիտասարդ։ Նա արմունկները սեղանի մի անկյունին հենած, գլուխը ձեռների ափերի մեջ դրած, անշարժ նստած էր։ Գինետունը լուսավորվում էր առաստաղից քարշ արած մի կանթեղով, որ ծածկված էր հարյուրավոր ճանճերով։ Կանթեղի դեղնագույն լույսը,