Նրա կարմրած աչքերի արագությամբ խաղացող բիբերից, ծռմռվող շրթունքներից, կակազող լեզվից երևում էր, որ գլուխը խիստ տաքացած է։ Պակաս չէին հարբած և մյուսները։ Բայց դրանք դեռ մեծ հաճությամբ շարունակում էին բաժակները դատարկել, այն ինչ` Սեյրանը վերջին բաժակը խմեց այնպիսի տհաճությամբ, յուր դեմքն այնպես թթվացրեց, որ, կարծես, քինաքինա էր խմում։
Աղմուկը քանի գնում այնքան զորեղանում էր։ Ամենաչնչին պատճառներից սկսվում էին տաք վիճաբանություններ։ Թամադան անդադար կենացներ էր առաջարկում և, միևնույն ժամանակ, աշխատում էր հանգստացնել վիճաբանողներին։ Բայց ոչ ոք ուշադրություն չէր դարձնում նրա վրա, ամեն մեկը յուր ձայնն էր լսում և յուր համար խոսում։ Գինե տան դռները հանկարծ բացվեցին, և ներս մտավ մի բարձրահասակ երիտասարդ, որ բռնած էր աջ ձեռում մի երկայն փայտ։ Նա գլխին դրած էր ձմերուկաձև, կարմրագույն մորթյա գդակ, որի ծայրը հասնում էր նրա փոքրիկ և խորամանկ աչքերին։
— Շուտ արեցե՛ք, ադա՛, — ներս մտավ թե չէ գոչեց երիտասարդը շնչասպառ ձայնով։
— Դուրս եկա՞ն, — հարցրին գրեթե միաբերան բոլոր հանդիսականները։
— Հա՛, հա՛, փետներդ վերցրեք, — պատասխանեց երիտասարդը, ձեռի փայտը անհամբերությամբ զարկելով գինետան հատակին։
Մի րոպե տիրեց լռություն։ Ամենքը տարակուսությամբ նայում էին իրարու երեսին։
Սեյրանն արագությամբ վեր թռավ տեղից և, շուռ ու մուռ գալով, սրան ու նրան դիպչելով, դիմեց դեպի դռները։ Լրաբեր երիտասարդը վազեց դռների առաջ, ձեռները աջ ու ձախ տարածեց և, կուրծքը դուրս ցցելով, կտրեց նրա ճանապարհը։
— Կանգնի՛ր։
— Հեռո՛ւ, — բացակաչնեց Սեյրանը, երկու ձեռներով հրելով երիտասարդի կրծքին։