Այս էջը սրբագրված է

որովհետև դեռ մի ամիս չկար, որ ինքն անցել էր այդ բովով։ Թե ով էր Սուսամբարի նշանածը և ինչպես էր պատահել, որ նա պսակվել էր — այս մասին մանրամասն տեղեկություններ հայտնի էին։ Միայն մի առավոտ Սուսանը լսեց յուր մորից, որ վերջապես Սուսամբարին նշանել են և երկու օրից հետո պսակելու են մի օտարքաղաքացի մարդու վրա։ Անչափ ուրախացավ Սուսանը յուր ընկերուհու այդ անսպասելի բախտավորության վրա, բայց նույնը չի կարելի ասել Սուսամբարի վերաբերմամբ։ Երբ Սուսանը շտապեց շնորհավորելու Սուսամբարին, վերջինը, կրծքից մի խորը հառաչանք արձակելով, պատասխանեց․ — «ինչ պսակվել է, չգիտեմ, ծնողներս կռնիցս բռնել են ու անտեր շորի պես շպրտում են մի անծանոթ ու անհայտ տղի շլնքին»։ Այսպես թե այնպես, Սուսամբարը նորահարս էր։

Հանդեսը ծռվեց դեպի այն փողոցը, ուր գտնվում էր Ռուստամի տունը։ Խլացուցիչ զուռնան անընդհատ փչում էր։ «Նաղարաչին» երկու բարակ, տաշած, սրածայր փայտերով անդադար խփում էր կռնատակին բռնած նաղարայի չորացած կաշիին, թնդացնելով մառախուղը։ Հանկարծ հանդիսականների հետևից լսվեց մի ինչ որ գոռոց և միևնույն վայրկյանին ռումբի չափ մի քար թռավ հանդեսի մեջտեղը։ Քարը դիպավ ջահ պահողի թևին, որի ձեռից ջահն իսկույն ընկավ և հանգավ։

Այդ անսպասելի դեպքը խառնաշփոթություն ձգեց հանդիսականների մեջ։ Սկսվեց իրարանցում։ Կանայք բարձրացրին ճիչ ու գոռոց, տղամարդիկ շվարվեցին։ Ու անթափանցելի խավարի մեջ իրարու չտեսնելով, ոչ ոք չէր հասկանում, թե ինչ է կատարվում։ Ամեն մեկը վախենալով մի որևէ հանկարծահաս վտանգից, պաշտպանողական դիրք բռնեց։ Ընդհանուր խառնաշփոթության մեջ մանավանդ շփոթվել էին նորապսակները, Սմբատը, Սուսամբարն ու Գյուլնազը։

Աղմուկը շարունակվում էր, լսվում էին սպառնալի խոսքեր, անվայել հիշոցներ, և ոչ ոք չգիտեր ո՛վ է հայհոյողը և ում դեմ։ Որոշվում էին մրայն մի երիտասարդի անկապ հիշոցները։

— Ջահը վառեցեք, — բացականչեց Ռուստամը յուր սուր, զորեղ և անհողդողդ ձայնով։