Նորապսակների տանը հյուրերն արդեն հավաքվել էին։ Դրանք Ռուստամի ամենամոտիկ բարեկամներն ու ազգականներն էին, որոնք Սանամի հրավերով եկել էին հարսանիքն ավարտելու։ Չնայելով որ առավոտյան դեռ տասնումեկ ժամն էր, սեղանն արդեն պատրաստ էր, և հյուրերը շարվել էին նրա շուրջը։ Ռուստամն այժմ ևս ոտքի վրա ծառայում էր հյուրերին։ Իսկ Սուսանը մյուս սենյակումն էր, ուր ժողոված էին կանայք։
Գյուլնազը Շըպպանիկի հետ մտավ կանանց բաժանմունքը. Սուսանն երեսն հաստ քողով ծածկած նստած էր սենյակի մի ծայրում, հանդիսականներից բավական հեռու։ Նրա մոտ նստած էր Սուսամբարը։ Երբ Գյուլնազը ներս մտավ, Սուսամբարը քչփչաց Սուսանի ականջին, և վերջինն յուր հագուստն ուղղելով, հանդիսավոր կերպով ոտքի կանգնեց։ Ուրախ ժպիտն երեսին, Գյուլնազը մոտեցավ նրան և մի ջերմ համբույր դրոշմեց յուր սիրելի աղջկա ճակատին։
— Շաննոոր իլի, շաննոոր իլի, ուրախութենով ապրեն, աճեն, բազմանան, — բացականչեցին հանդիսականները գրեթե միաբերան։
— Շոբո՜շ, այ շոբոշ, դյուշմանն գյոզի քյոռ օլսուն[1], — մեջ մտավ Շըպպանիկը, որ յուր դերը երբեք չէր մոռանում։
Գյուլնազը մի թղթադրամ խփեց Շըպպանիկի ճակատին, հանդիսականները հետևեցին նրա օրինակին։
Ներս մտավ Ռուստամը։ Գյուլնազը դիմավորեց և նրա ճակատը նույնպես համբուրեց։ Ռուստամն ամաչելով և կարմրելով թեքեց յուր գլուխը և հարգանքով համբուրեց Գյուլնազի աջ ձեռը։ Դա մի հանդիսավոր րոպե էր, որ անցավ խորհրդավոր լռությամբ։ Շըպպանիկն էր, որ յուր սովորական երգով ընդհատեց այդ լռությունը։
Սկսեցին ճաշել։ Ռուստամն անցավ տղամարդկանց բաժանմունքը։ Այժմ նա ուրախ էր, նրա երեսին այլևս չէր նշմարվում անհանգիստ
- ↑ Թշնամու աչքը կուրանա: