Այս էջը սրբագրված է

Բայց սպասեցեք, Սեյրանը շատ էլ բենամուս ջահիլ չէ, սպասեցեք, և կտեսնեք։

Դրսում քամին շարունակ փլում էր։ Սեյրանը մոտեցավ պատուհանին և սկսեց նայել դուրս, դեպի քարվանսարայի բակը։ Մի քանի րոպե շարունակ նա մտիկ արավ, թեև նրա աչքերը պատուհանի սառցապատ ապակիների միջով ոչինչ չէին կարողանում որոշել դրսում։ Հետո նա երեսը շուռ տվեց և կրկին սկսեց շրջել հետ ու առաջ, այս անգամ բավական հաստատ և կանոնավոր քայլերով։

— Երեկ ես բազարում տեսա քո մարդուն, Ռուստամին, — շարունակեց մտածել նա, — տեսա, արյունս գլխովս տվավ։ Ես ուզում էի մոտենալ, խանչալս փորը կոխել, փորոտիքը դուրս թափել։ Ուզում էի փողոցի սպիտակ ձյունը ներկել նրա կարմիր արյունով, որ սիրտս հովանար։ Բայց ես այդ չարի։ Չկարծես, որ վախեցա նրանից, Սուսան, չէ, չարի, որովհետև հիմա մտածում եմ, որ նա այնքան մեղավոր չէ, ինչքան որ դու ես մեղավոր, Սուսան։ Եթե ես վրեժ եմ ուզում հանել, լավն է ձեր երկուսից հանեմ, թե չէ միայն Ռուստամի արյունը ինձ չի հովացնի։ Հըմ, իմանում եմ, Սուսան, դու ինձ այնքան մոռացել ես, որ սրան ու նրան էլ հավատացրել ես, թե Սեյրանին իսկի երեխայությունից չես ճանաչել։ Այդ ես գիտեմ, որ ասել ես, հենց ընկերներս էլ այդ պատճառով են ինձ այդքան ծաղրում։ Շըպպանիկին ծնողներդ գցել են քաղաք, որ այստեղ ու այնտեղ ասի, թե «կուժ ծախողանց Սեյրանը զուր տեղն է դրան ու նրան ասել, թե Սուսանը նրա հարսնացուն է եղել, այդ է արել, այն է արել» և այլն, և այլն։ Առաջինը ես ոչ ոքի չեմ ասել իմ բերանով այն բաները, ինչ որ խոսում են քաղաքում։ Երկրորդը` թե որ խոսում են, սո՞ւտ են խոսում, Սուսան։ Սո՞ւտ է, որ դու իմ հարսնացուն ես եղել երեխայությունից, սո՞ւտ է, որ ես քեզ հետ խոսել եմ, տեսնվել եմ։ Ամեն ցավերից ազատվել ես, հանգիստ ապրում ես, հիմա ուզում ես Սեյրանին սուտ դուրս բերել հա՞ա։ Լավ, շատ լավ, Սեյրանն էլ խելք ունի, հիմար չէ։ Թող չհավատան, թող ծաղրեն, ինչքան ուզում են, բայց ես շուտով, շատ շուտով ամենքին ցույց կտամ, կհաստատեմ, թե ես սուտ չեմ ասել, թե ինչ որ խոսում են, գոնե նրա կեսը, կիսի կեսը ճշմարիտ է։