չոլերը ընկած կնոջդ կապը և հետո սիրտ արա ինձ հետ խոսելու։
Ռուստամը վազեց դեպի խանութի պատը։ Մի վայրկյանում նա խլեց երկայն դաշույնը, մերկացնելով հարձակվեց Սեյրանի վրա։
Հանդիսականները շփոթվեցին, բարձրացավ խառնաշփոթ աղմուկ։ Միրքավոր երիտասարդը մեջ ընկավ և քաջությամբ կտրեց Ռուստամի առաջը։
— Թող թիքա-թիքա անեմ շուն շան լակոտին, թո՛ղ, ասում եմ, — գոռաց Ռուստամը, աշխատելով դուրս պրծնել անմիրուքի գրկից։
— Կնիկը պիտի մի մարդ ունենա, թող մեզանից մեկը մնա, — ասաց Սեյրանը, նույնպես մերկացնելով յուր դաշույնը։
— Կծիր լեզուդ, թե չէ ես էլ համբերությունից դուրս եկա, — գոռաց նրա վրա անմիրուք երիտասարդը։
Շամախուց նոր եկածները Սեյրանին բռնեցին։
— Թո՛ղ, ասում եմ, թե չէ փորդ կխրեմ, — բղավեց կրկին Ռուստամը։
Սեյրանը դաշույնը դրեց պատյանի մեջ, մոտեցավ խանութի անկյունին, վերցրեց յափունջին, ձգեց թևին և դուրս վազեց, բացականչելով.
— Եթե չես հավատում, գնա՛, գնա՛, բաց արա կնոջդ կուրծքը և մտիկ տուր սև խալին, սև խալին, սև խալին...
— Տրաքեց սիրտս, բա՛ց թողեք ասում եմ, խալը, խալը, կրծքի սև խալը, ո՛ւֆ...
Ռուստամը թուլացավ միրքավորի գրկում, դաշույնը ընկավ նրա ձեռքից։
— Բռնեցե՛ք, մի թողնեք փախչի, ես նրան կտոր-կտոր պիտի անեմ, — գոռաց միրքավորը։ Նա հանեց յուր դաշույնը և դիմեց դեպի դռները։
— Իզուր է, նա կորավ, գնաց, — բռնեցին նրան նորեկները։
— Ջուր, ջուր բերեք, խեղճ տղան մեռնում է, — բացականչեցին չորս կողմից, Ռուստամին շրջապատելով։