Այս էջը սրբագրված է

վրա, չկարողացավ առաջ շարժվել և կանգնեց մի քանի քայլ հեռու։

— Ո՞ւր է սկեսուրդ, — հարցրեց Ռուստամը յուր կոշտ և անհողդողդ ձայնով։

— Ժամումն է, — պատասխանեց Սուսանը, ձեռները կրծքին խաչելով և գլուխը քարշ ձգելով, ինչպես կախաղանի դատապարտված մի հանցավոր։

Ռուստամը ձիու սանձը բռնեց և տվավ Սուսանին։

— Ո՞վ կա տանը։

— Մենակ եմ, — պատասխանեց Սուսանը, սանձն առնելով։

— Մենա՞կ ես։

— Մենակ եմ։

— Հըմ։ Լավ, տար ձիուն, կապիր ախոռում, գարի ու դարման ածիր առաջը, շատ ածիր, իմացա՞ր։

— Աչքիս վրա, — պատասխանեց Սուսանը և շտապեց ամուսնու հրամանը կատարելու։

— Հետո շուտով տուն եկ, — ավելացրեց Ռուստամը, յափունջիս ուսերից ձգելով թամբի վրա։

Երբ Սուսանը ձիու սանձը ձեռին քիչ հեռացավ, Ռուստամը նայեց նրա հետևից և ինքն իրան ասաց. «ինչ անմեղ է ձևացնում իրան»։ Հետո` արագությամբ բարձրացավ պատշգամբ և առանց հանվելու, ցեխոտ կոշիկներով մտավ սենյակ։ Նա մոտեցավ և նստեց պատի տակ շինած թախտի վրա, երեսը դեպի բակը։ Մի րոպե չանցած, դրսից լսվեց Սանամի ձայնը։

— Դրուստ ես ասո՞ւմ, ախչի, որտե՞ղ է, որտե՞ղ է, դե, ասա, ախչի, սիրտս ճաքեց, տրաքեց քիի։

Ռուստամը, լսելով այդ ձայնը, քթի տակ ասաց ինքն իրան. «ուրախացել է»։

Սանամը գլխակոր ներս վազեց։

— Ռուստամ, բալաս, դո՞ւ ես... ըհ ես քո ոտների տակին թարթափիլ անեմ, վույ ես բոյիդ մեռնեմ, բարով, հազար բարով ես եկել։ Մոտեցիր, մոտեցիր, որ մի պաչեմ էդ սիրուն աչքերդ։

Այս ասելով, կարոտյալ մայրը հարձակվեց զավակի վրա, որ համբույրներով ծածկե նրա երեսը։ Բայց սիրեցյալ զավակը հրեց մոր կրծքին և երեսը մի կողմ շուռ տվավ։